Լուկաշենկոն հայտնել է Բելառուսի հարավում ևս մի օտարերկրացի զինյալների ջոկատի հայտնվելու մասին՝ երկրում «իրավիճակն» ապակայունացնելու նպատակով

15:26 • 04.08.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր` օգոստոսի 4-ին, երկրի խորհրդարանին և ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Բելառուսի հարավում ևս մի օտարերկրացի զինյալների ջոկատ է հայտնվել՝ երկրում «իրավիճակն» ապակայունացնելու նպատակով: Այս մասին գրում է udf.by կայքը:

«Այսօր տեղեկություն ենք ստացել երկրի հարավում ևս մի ջոկատի տեղակայման մասին»,-հայտարարել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն չի հստակեցրել, թե որ երկրից է այդ ջոկատը հայտնվել Բելառուսի տարածքում:

Նախագահի խոսքով` Բելառուսի դեմ միլիոնավոր ռեսուրսներ են օգտագործվում, այդ թվում` ամենաժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները:

Նա իր վրդովմունքն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ բելառուսները ստիպված են «վազել և բռնել նրանց անտառներում»՝ այն ժամանակ, երբ պետք է զբաղվել բերքահավաքով: Բելառուսի առաջնորդը շեշտել է, որ իրավապահները «բոլորին կբռնեն»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալի:

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են: Ձերբակալված զինյալների դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն պատրաստելու մեղադրանքով:

Զինյալները, սակայն, հարցաքննության ժամանակ հայտնել են, որ իրենց վերջնակետը ոչ թե Մինսկն է եղել, այլ Մինսկից Ստամբուլով Լատինական Ամերիկայի երկրներից մեկում հայտնվելը: