Ուկրաինացի լրագրողը տեղեկացրել է, որ Լուկաշենկոն խոստացել է Բելառուսում ձերբակալված ՌԴ քաղաքացի զինյալներին հանձնել Ուկրաինային և Ռուսաստանին

14:46 • 06.08.20

Մինսկը մտադիր է Բելառուսում ձերբակալված «Վագների խումբ» ռուսական մասնավոր ռազմական կազմակերպության անդամներին արտահանձնել Ուկրաինա և Ռուսաստան: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից հարցազրույց վերցրած ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինալեզու կայքը:

Ձերբակալվածներին Ուկրաինա արտահանձնելու մասին հարցին Գորդոնը պատասխանել է, որ Լուկաշենկոն խոստացել է «կանաչ լույս տալ դատախազությանն ու Բելառուսի այլ իրավապահ մարմիններին, որոնք, համաձայն Բելառուսի օրենսդրության, կանեն ամեն անհրաժեշտ քայլ հանցագործներին ինչպես Ռուսաստան, այնպես էլ Ուկրաինա փոխանցելու համար»:

Գորդոնը նաև հույս է հայտնել, որ Բելառուսում ձերբակալված այն բոլոր մարդիկ, որոնք ներգրավված են եղել «Ուկրաինայի դեմ հանցագործություններում», կփոխանցվեն Կիևին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալի:

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են: Ձերբակալված զինյալների դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն պատրաստելու մեղադրանքով:

Զինյալները, սակայն, հարցաքննության ժամանակ հայտնել են, որ իրենց վերջնակետը ոչ թե Մինսկն է եղել, այլ Մինսկից Ստամբուլով Լատինական Ամերիկայի երկրներից մեկում հայտնվելը: