Ախալքալաքում 27-ամյա երիտասարդ է սպանվել, ինչին հաջորդել են զանգվածային անկարգություններ, հրդեհումներ ու ծեծկռտուք, որի հետևանքով կան վիրավորներ. մանրամասներ

11:55 • 09.08.20

Ախալքալաքում զանգվածային անկարգությունները շարունակվում են։ Tert.am-ին հայտնի դարձավ,որ անկարգությունների պատճառը Կուլիկամ գյուղի բնակիչ Վարդիկ Մարաբյանի սպանությունն է։

Ականատեսները Tert.am-ին պատմեցին,որ տարիներ շարունակ երկու գյուղերից Գաբրիելյանների ու Մարաբյանների ընտանիքները վիճաբանություններ են ունեցել։

Սպանության մեջ կասկածվողը Դիլիսկա գյուղի բնակիչ, Ախալքալաքում բնակվող Գաբրիելյանների որդին է։


Սպանությանը հաջորդել է Ախալքալաքում Գաբրիելյանին պատկանող հյուրանոցային համալիրի, ռեստորանի, ինչպես նաև դեպքի վայրում գտնվող Գաբրիելյանի համախոհներին պատկանող մի քանի տների հրկիզումը քաղաքի տարբեր հատվածներում։


Սպանությանը հաջորդել է մոտ հարյուր մարդու մասնակցությամբ ծեծկռտուքը, ինչի հետևանքով մի քանի անձ գտնվում են վերակենդանացման բաժանմուքում․ դրանց թվում նաև Սամվել Գաբրիելյանը։ Ըստ նախնական տվյալների հիվանդանոցում մահացել է ևս մեկ անձ։


Հրդեհներն այս պահին մեկուսացված են, ոստիկանությունը խստացված ծառայություն է իրականացնում Ախալքալաքում՝ դեպքի վայրում, հարակից համայնքների ճանապարհներին, հիվանդանոցի տարածքում ու նշված անձանց համայնքներում։


Tert.am-ին հայտնի դարձավ,որ Վարդիկ Մարաբյանը 27 տարեկան էր,ամուսնացել էր վեց ամիս առաջ։

Քաղաքի տարբեր հատվածներում հրդեհված մեքենաներ են, ճանապարհները փակ են, միջադեպերին մասնակցել են մի քանի համայնքների երիտասարդներ, արտահերթ աշխատում է նաև բժշկական հաստատությունը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից Tert.am-ին հայտնեցին, որ այս պահին մեկնաբանություն չեն տալիս, իսկ Վրաստանի խորհրդարանի երեք հայ պատգամավորից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, նրանց պաշտոնական էջերում միջադեպին անդրադարձ չկար։

 

Լուսանկարները՝ jnews.ge-ի