Դոնոր երկրների միջազգային համաժողովն ավելի քան 252 մլն եվրո է հավաքել Բեյրութի վերակառուցման համար
Դոնոր երկրների միջազային համաժողովը, որն անցկացվել է Ֆրանսիայի նախագահ Մանուել Մակրոնի ղեկավարմամբ, 252,7 միլիոն եվրո է հավաքել մարդասիրական ճգնաժամում հայտնված Լիբանանին աջակցության համար, գրում է DW-ն՝ հղում տալով Մակրոնի հայտարարությանը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Ֆրանսիայի հատկացրած մարդասիրական օգնության ծավալը կազմում է 30 միլիոն եվրո։ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը, իր հերթին, հայտարարել է, որ «Բեյրութում տեղի ունեցած մեծ աղետի հաղթահարման համար» Գերմանիան 20 միլիոն եվրո կուղարկի Լիբանան։
«Ինձ տպավորել է, թե քանի երկիր է պատրաստ օգնել Լիբանանին»,- համաժողովի ժամանակ հայտարարել է Մաասը։
Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես խոստացել է օգնություն հատկացնել Լիբանանին, սակայն կոնկրետ գումարի չափի մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ենթադրվում է, որ Եվրոպական միության օգնության չափը կլինի 63 միլիոն եվրո։
ՄԱԿ-ի գնահատականներով՝ բժշկական և պարենի օնության, ինչպես նաև Բեյրութի՝ անօթևան մնացած ավելի քան 300 000 բնակչի համար նոր տան կառուցման համար հարկավոր է մոտ 116,9 միլիոն դոլարի ներդրում կատարել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հայաստանից օգնության առաջին խմբաքանակն արդեն Բեյրութում է։ Այս մասին իր թվիթերյան օգտահաշվում գրառում է կատարել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Հայաստանի կողմից եղբայրական Լիբանանին տրամադրվելիք օգնության երեք խմբաքանակներից առաջինն արդեն ժամանել է Բեյրութ։ Հայաստանից Բեյրութին` ի խորոց սրտի»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել: Պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ հայկական համայնքի 13 ներկայացուցիչ, մինչդեռ վիրավորները 5000-ից ավելի են:










