Տիխանովսկայայի թիմակիցները կարծում են, որ նրա տեսաուղերձը նկարահանվել է ճնշման տակ
Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Օլգա Կովալկովան հայտարարել է, որ թեկնածուի տեսաուղերձը, որում նա կոչ է անում դուրս չգալ փողոց` բողոքի ակցիաների, տեսանկարահանվել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և, հնարավոր է, ճնշման տակ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Որպես մարդ, որը երկար ժամանակ Սվետլանայի կողքին է եղել, կարող եմ ասել, որ նա ընտրություններում իրեն հաղթող է համարում... Կարող եմ ենթադրել, որ նա նման բան ասել չէր կարող»,-հայտարարել է Կովալկովան:
Նա տեղեկացրել է նաև, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 16:00-ից Տիխանովսկայայի հետ կապը բացակայել է:
«Դատելով այն հագուստից, որը նա կրում է տեսանյութում, իսկ նա այդ հագուստով էր այն ժամանակ, երբ մենք բաժանվեցինք նրա` ԿԸՀ գնալուց առաջ, տեսանկարահանումն արվել է ԿԸՀ-ի շենքում: Առաջ նա ասում էր, որ բոլորը պետք է օրինական կերպով գործեն, բայց երեկ նա դա կարդում էր թղթից: Եթե Բելառուսը լքելու որոշումը նա ինքն է կայացրել` առանց համաձայնեցնելու թիմի և ԿԸՀ-ի հետ, կարող եմ ենթադրել, որ այդ տեսաձայնագրությունները նույնպես այնտեղ են արվել»,-ավելացրել է Կովալկովան:
Իր հերթին, Տիխանովսկայայի թիմակից Մարիա Կոլեսնիկովան հայտարարել է, որ Տիխանովսկայան շուրջ երեք ժամ խոսել է ԿԸՀ-ում, որտեղ նա գնացել էր ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոք ներկայացնելու, և այնտեղ են գնացել նաև ուժային կառույցների երկու բարձրաստիճան պաշտոնյա:
Կոլեսնիկովան ավելացրել է, որ ԿԸՀ-ի շենք են մտցրել նաև մեծ պայուսակներ, որոնց մեջ հնարավոր է նկարահանող սարքեր լինեին:
«Երբ քո շրջապատն ու ընտանիքը պատանդված են, դժվար է ճնշման տակ հայտարարություններ չանել»,-հավելել է Կոլեսնիկովան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, համացանցում է հայտնվել Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ևս մի տեսաուղերձ, որում նա բելառուսներին կոչ է անում «դուրս չգալ հրապարակներ» և չդիմադրել ոստիկանությանը:
«Բելառուսի Հանրապետության հարգելի քաղաքացիներ: Ես՝ Սվետլանա Տիխանովսկայաս, շնորհակալություն եմ հայտնում ձեզ պետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար: Բելառուսի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը: Երախտիքով և ջերմությամբ դիմում եմ բոլոր այն քաղաքացիներին, որոնք աջակցել են ինձ այս ամբողջ ընթացքում: Բելառուսներ, ես ձեզ խոհեմության և օրենքի նկատմամբ հարգանքի կոչ եմ անում: Ես չեմ ուզում արյուն և բռնություն: Ես խնդրում եմ ձեզ չդիմադրել ոստիկանությանը, դուրս չգալ հրապարակներ, որպեսզի վտանգի չենթարկեք ձեր կյանքը: Պահպանեք ձեզ և ձեր մտերիմներին»,-ասում է Տիխանովսկայան նոր տեսաուղերձում:
Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ Տիխանովսկայան՝ 10,09%-ը:
Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները. Մինսկում երեկ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ են կիրառվել, կա 1 զոհ:
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:
«Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, բայց նրանց ևս կառավարելու են»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համադաշնության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:
«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:










