ԱՀԿ-ն Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման մասին լուրերը «զուսպ» է ընդունել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման մասին լուրերը «զուսպ» է ընդունել, գրում է dw.com կայքը։
Ինչպես հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչ Թարիկ Յազարևիչը, ԱՀԿ-ն սերտ կապի մեջ է գտնվում առողջապահության համար պատասխանատու ռուսական գերատեսչությունների հետ․ իրականացվում են նաև պատվաստանյութի թողարկման թույլտվության չափորոշիչների շուրջ քննարկումներ։
Յազարևիչի խոսքով՝ ցանկացած պատվաստանյութի «նախաորակավորումը» ենթադրում է, որ դրա անվտանգության և արդյունավետության վերաբերյալ բոլոր տվյալները պետք է ստուգվեն «լիակատար ճշգրտությամբ»։
Նշվում է, որ ավելի վաղ ԱՀԿ-ն Ռուսաստանին կոչ էր արել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մշակելիս հետևել անվտանգ և արդյունավետ դեղորայքային արտադրության համար սահմանված չափանիշներին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Նշվում է, որ այն «Սպուտնիկ V» («Спутник V») անվանումն է ստացել՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվան նմանությամբ։
Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին կասկած էր հայտնել կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին գրանցված պատվաստանյութի անվտանգության առնչությամբ:
Սակայն ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, իր հերթին, հայտնել է, որ ծրագրում է օգոստոսին կորոնավիրուսի դեմ պատվաստվել, իսկ կորոնավիրուսի դեմ առաջին ռուսական պատվաստանյութի վերաբերյալ Արևմուտքից հնչած քննադատություններն անհիմն էր որակել և նշել, որ դրանք պայմանավորված են մրցակցության վախով։
Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կթողարկվի։ Արտադրված պատվաստանյութն առաջին հերթին ռուսական շուկային կուղղվի։










