«Ես խնդրում եմ քաղաքապետերին օգոստոսի 15-16-ին յուրաքանչյուր քաղաքում խաղաղ ցույցեր կազմակերպել». Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հղել (տեսանյութ)

15:36 • 14.08.20

Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հղել, որում կոչ է արել երկրի իշխանություններին դադարեցնել բռնությունը, իսկ քաղաքապետերին`խաղաղ բողոքի ակցիաներ նախաձեռնել: Այս մասին գրում է rt.com կայքը:

«Բելառուսներն այլևս երբեք չեն ցանկանա ապրել նախորդ իշխանության հետ: Մեծ մասը նրա հաղթանակին չի հավատում»,-ասել է Տիխանովսկայան:

Նա նշել է, որ ընտրությունը պաշտպանել կարելի է միայն օրինական, ոչ բռնի միջոցներով:

«Իսկ քաղաքացիների խաղաղ ելքը փողոց իշխանությունը վերածել է արյունալի կոտորածի: Իրավիճակը ծայրահեղ է: Հարկավոր է դադարեցնել բռնությունը բելառուսական քաղաքների փողոցներում»,-հավելել է Տիխանովսկայան:

Նա իշխանությանը երկխոսության կոչ է արել:

«Ես խնդրում եմ քաղաքների քաղաքապետերին օգոստոսի 15-ին և 16-ին յուրաքանչյուր քաղաքում խաղաղ ցույցերի կազմակերպիչ լինել»,-հայտարարել է նախագահի թեկնածուն:

Բացի այդ, նա հայտարարել է ձայներն իրեն տված քաղաքացիների ստորագրահավաք սկսելու մասին:

«Եկեք միասին պաշտպանենք մեր ընտրությունը: Ստորագրեք այն բանի համար, որ դուք քվեարկել եք իմ` Սվետլանա Տիխանովսկայայի օգտին»,-հայտարարել է ընդդիմադիր գործիչը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, օգոստոսի 11-ին համացանցում էր հայտնվել Սվետլանա Տիխանովսկայայի ևս մի տեսաուղերձ, որում նա բելառուսներին կոչ էր արել «դուրս չգալ հրապարակներ» և չդիմադրել ոստիկանությանը: