Կիևի քաղաքապետարանի ճակատային հատվածում Բելառուսի բողոքի ցույցերը խորհրդանշող սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշն է հայտնվել

13:48 • 17.08.20

Կիևի քաղաքային վարչակազմի շենքի ճակատային հատվածում Բելառուսում այս օրերին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ իրականացվող բողոքի ցույցերը խորհրդանշող սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշն է հայտնվել․ համապատասխան լուսանկարը նախօրեին թելեգրամյան իր ալիքում է հրապարակել քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Լուսանկարում երևում է, որ դրոշը հենց քաղաքապետարանի մուտքի մոտ է կախվել։ 

Հրապարակմանը կից Կլիչկոն «Կեցցե Բելառուսը» (Жыве Беларусь) գրառումն է արել։ 

Հայտնի է, որ սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշը 1991-1995 թվականներին Բելառուսի պաշտոնական խորհրդանիշն է եղել, իսկ այժմ այն որպես իրենց խորհրդանիշ օգտագործում են բելառուսի ընդդիմադիրները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մինսկում նախօրեին ժամանակակից Բելառուսի պատմության մեջ ամենազանգվածային բողոքի ցույցն է անցկացվել։ Tut.by կայքի գնահատականներով` իր ձայնը բարձրացնելու համար փողոց է դուրս եկել Բելառուսի առնվազն 200 000 քաղաքացի։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: