Առնվազն 200 000 ցուցարար․ Մինսկում նախօրեին ժամանակակից Բելառուսի պատմության մեջ ամենազանգվածային բողոքի ցույցն է անցկացվել. Tut.by (լուսանկարներ, տեսանյութ)
Մինսկում նախօրեին ժամանակակից Բելառուսի պատմության մեջ ամենազանգվածային բողոքի ցույցն է անցկացվել․ Tut.by կայքի գնահատականներով` իր ձայնը բարձրացնելու համար փողոց է դուրս եկել Բելառուսի առնվազն 200 000 քաղաքացի։
Նշվում է, որ ցուցարարների շարքում եղել են և՛ երիտասարդներ, և՛ տարիքով մարդիկ։ Ներկաներն իրենց հետ սպիտակ-կարմիր-սպիտակ գույների դրոշ և «Սաշա, դու ազատված ես», «Հեռացի՛ր», «Մենք ոչխար չենք», «Արդար ընտրություններ» և նմանատիպ այլ կարգախոսներով պաստառներ են վերցրել։
Նշվում է, որ ժամը 17։00-ին ցույցի մասնակիցները շարժվել են Կառավարության շենքի մոտ, իսկ ժամը 20։00-ին ժողովուրդն աստիճանաբար սկսել է ցրվել։ Ոստիկանությունը ցույցի ընթացքին առանձնապես չի միջամտել, սակայն վերջում հայտնի է դարձել մի քանի ձերբակալվածի մասին։ Երկրի ՆԳՆ-ն այս տեղեկությունը հերքում է:
Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ, մեկ ցուցարար զոհվել է:
















