Բելառուսում բողոքի ցույցի ժամանակ վիրավորում ստացած ևս մի ցուցարար է մահացել
Բելառուսի առողջապահության նախարարությունը հաստատել է բողոքի ցույցերի ևս մի մասնակցի մահվան մասին տեղեկությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ անցած շաբաթվա վերջին Բրեստ քաղաքի 43-ամյա բնակիչ Գենադիյ Շուտովին մարզային հիվանդանոցից բուժումը շարունակելու նպատակով տեղափոխել էին Պաշտպանության նախարարության հոսպիտալ։ Երեքշաբթի հիվանդի վիճակը վատացել է, և չնայած բժիշկների ջանքերին՝ տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։
Նշվում է, որ նա հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում, դա տեղի էր ունեցել Բրեստ քաղաքի Մոսկովյան շրջանում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ։
Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունը հայտնել էր զանգվածային ցույցերի հետևանքով երկու զոհի մասին։ Հայտնի էր դարձել Մինսկում ցույցերին մասնակցած 19-ամյա քաղաքացու մահվան մասին։ Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նա մահացել է օգոստոսի 16-ին՝ մեքենայի հարվածի հետևանքով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, օրերս Մինսկում տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակից Ալեքսանդր Տարայկովսկու սպանության տեսանյութն է հրապարակվել, որում երևում է, որ նրա ձեռքին ոչինչ չկա, այն դեպքում, երբ Բելառուսի ներքին գործերի նախարարությունում ավելի վաղ հայտարարել էին, թե ցուցարարը ցանկացել է պայթուցիկ նետել ուժայինների ուղղությամբ, սակայն այն պայթել է նրա ձեռքի մեջ, ինչի հետևանքով էլ նա մահացել է։
Տարայկովսկիի մահվան վկայականում նշված է, որ նրա մահվան պատճառը եղել է կրծքավանդակի շրջանում բաց վերքը, նա մահացել է շատ արյուն կորցնելու պատճառով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Անչափահասներին և նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութը:










