Կալիֆոռնիայում հրդեհների մարման ժամանակ ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով օդաչուն մահացել է (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհների մարման աշխատանքների ժամանակ ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով սրահում գտնվող միակ օդաչուն մահացել է, հայտնում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Ֆրեզնո շրջանում։ Նշվում է, որ ուղղաթիռի կործանման հետևանքով հրդեհ է բռնկվել։
Հայտնի է, որ Bell UH-1H ուղղաթիռում միայն մի օդաչու է եղել, որի ինքնությունը դեռևս չի հաստատվել։ Ուղղաթիռը մասնավոր սեփականության է պատկանել, սակայն այն պայմանագրով տրվել է կառավարությանը՝ արտակարգ իրավիճակների դեմ պայքարի համար։
Տեղեկությունների համաձայն՝ օրերս երկու տասնյակ հրդեհների հետևանքով ավելի քան 22 000 մարդ է տարհանվել։ Նահանգապետ Գևին Նյուսոմը նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարել։
Կալիֆոռնիայի Անտառտնտեսության և հակահրդեհային պաշտպանության վարչությունից հայտնել են, որ վերջին 72 ժամվա ընթացքում նահանգում մոտ 10 849 կայծակի հարվածի հետևանքով ավելի քան 367 հրդեհի նոր օջախ է առաջացել։ Տարբեր գնահատականներով՝ մինչ այժմ նահանգում հրդեհի հետևանքով ընդհանուր 330 000 ակր հողատարածք է այրվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նահանգում սաստիկ շոգի պատճառով երկուշաբթի նախատեսվում էր մինչև մեկ միլիոն տուն ու ձեռնարկություն հոսանքազրկել՝ էլեկտրաէներգիայի պլանային անջատումների շրջանակում։
Նշվում է, որ նահանգում 20 տարվա մեջ առաջին լուրջ անջատումներն անցած ուրբաթ ու շաբաթ են եղել․ տեղի երեք ամենախոշոր կոմունալ ծառայությունները ստիպված են եղել ավելի քան 410 000, այնուհետև՝ 200 000 տուն ու ձեռնարկություն հոսանքազրկել։
Հայտնի է, որ Կալիֆոռնիայում օրերս օդի ջերմաստիճանը հասել է 43.3 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի։



















