«Նրան շուտափույթ ապաքինում ենք մաղթում»․ Կրեմլում մեկնաբանել են Նավալնիի հոսպիտալացման մասին լուրը

17:23 • 20.08.20

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլն ուշի-ուշով հետևում է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վիճակի մասին տեղեկություններին և նրան շուտափույթ ապաքինում է մաղթում, գրում է vedomosti.ru կայքը։ 

«Այո, լրատվամիջոցներով այս մասին շատ տեղեկություններ են շրջանառվում, մենք նույնպես կարդում ենք այդ լուրերը։ Իհարկե, ինչպես մեր երկրի ցանկացած քաղաքացու, իրեն նույնպես շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- նշել է Պեսկովը։ 

Ըստ նրա՝ Կրեմլում բոլորը գիտեն, որ Նավալնին ծանր վիճակում է գտնվում, և բժիշկները հնարավոր ամեն բան անում են նրա կյանքը փրկելու համար։ 

«Օմսկում լավագույն բժիշկներին են ներգրավել, և որքանով որ մենք ենք տեղյակ, հեռաբժշկության մեթոդներ են կիրառվում, և Մոսկվայում մասնագետների հետ խորհրդատվություններ են անցկացվում»,- նշել է Պեսկովը։ 

Հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինին զեկուցում են Նավալնիի վիճակի մասին, Պեսկովը պատասխանել է, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ լրատվամիջոցներով առանց այդ էլ շատ տեղեկություններ կան։

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունն այսօր Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

Ավելի ուշ նա հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է:

Մի շարք լրատվականներ հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով: 

Հաղորդվել էր նաև, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։ Սրճարանի սեփականատերը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ կպարզի բոլոր հանգամանքները և կուսումնասիրի տեսախցիկների տեսագրությունները: Տոմսկի տրանսպորտային ոստիկանությունը ստուգում է սկսել օդանավակայանում։ Հիվանդանոցի տարածքը, որտեղ գտնվում է Նավալնին, հսկում են ոստիկանները։