Ալեքսեյ Նավալնիին շտապօգնության մեքենայով Օմսկի հիվանդանոցից օդանավակայան են տեղափոխում
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին շտապօգնության մեքենայով Օմսկի հիվանդանոցից տեղափոխվում է օդանավակայան, որտեղից էլ նրան պետք է ինքնաթիռով տեղափոխեն Բեռլին, հաղորդում է ТАСС-ը:
Հիվանդանոցի բժիշկները նշել են, որ Նավալնիի վիճակը որոշակիորեն կայունացել է: Թեև նրանք պնդել են, որ նա կարող է բուժում ստանալ հենց Օմսկում, սակայն հարազատների պնդմամբ նրան Բեռլինում գտնվող Charite բժշկական կլինիկա տեղափոխելու և բուժումն այդտեղ շարունակելու որոշում է կայացվել:
Նախօրեին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքից ինքնաթիռ է ժամանել Օմսկ՝ Նավալնիին Բեռլին տեղափոխելու համար:
Նավալնին Օմսկի հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 20-ին, նա կոմայում է գտնվում և միացված է արհեստական շնչառության սարքի: Պատճառն, ինչպես բժիշկներն են նշել, սննդի մեջ մահացու թույնի առկայությունն է եղել:










