Մշակվել է ՀՀ թվայնացման 2020-2025թթ․ ռազմավարության նախագիծը, սահմանվել են թվային օրակարգի ուղղությունները. Հ․ Արշակյանն ամփոփել է նախարարության 2020 թ-ի առաջին կիսամյակի գործունեությունը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը օգոստոսի 26-ին՝ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է նախարարության 2020 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։
«Այսօր ամփոփում ենք 2020 թվականի առաջին կիսամյակի արդյունքները և պետք է նշեմ, որ ոլորտը բնութագրող ցուցանիշները ոչ միայն չեն նվազել, այլ՝ պահպանել են դինամիկ աճի տեմպերը»: Նշել է նախարար Հակոբ Արշակյանն ու անդրադարձել յուրաքանչյուր ուղղությամբ իրականացված աշխատանքներին և արդյունքներին:
Անդրադառնալով թվայնացման աշխանքներին նախարարը նշել է․ «Մշակվել է ՀՀ թվայնացման 2020-2025թթ․ ռազմավարության նախագիծը, սահմանվել են ՀՀ թվային օրակարգի առաջնահերթ զարգացման ուղղությունները:
Նախագիծը տեղադրվել է e-draft կայքում, պետական կառույցների և քաղաքացիների առաջարկների հիման վրա լրամշակվել է և քննարվել ՀՀ վարչապետի աշխատակազմի Թվայնացման խորհրդի նիստում:
Թվայնացման գործընթացների և կիբեռանվտանգության ստանդարտների մշակման գործընթացը ընթացիկ փուլում է:
Կազմվել է Թվայնացման գործընթացների իրականացման սխեմատիկ պատկերը, ուսումնասիրվում է կիբեռանվտանգության գլոբալ ինդեքսի առաջատար դիրքերում գտնվող երկրների փորձը կիբեռանվտանգության ստանդարտների մշակման աշխատանքների շրջանակներում:
Մշակվել է տվյալների բազա Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվող, շահագործման հանձնվող և ընթացիկ շահագործվող էլեկտրոնային համակարգերի վերաբերյալ:
Միացյալ ազգերի կազմակերպության կողմից անցկացվող էլեկտրոնային կառավարման զարգացման (E-Government Development Index EGDI) հետազոտության արդյունքներով Հայաստանը 2020 թվակաին 2018-ի նկատմամբ բարելավել է իր դիրքերը 19 կետով և գրանցել է ամենամեծ առաջընթացներից մեկը ասիական տարածաշրջանում` 87-ից բարելավելով մինչև 68: Հետազոտության արդյունքներով Հայաստանը նաև ընդգրկվել է մարդկային կապիտալի զարգացման աճի առաջանցիկ տեմպով պետությունների ցանկում: Հետազոտության հեղինակների կանխատեսմամբ Հայաստանը շուտով կփոխի իր խումբը և «բարձր թվայնացվածներից» կտեղափոխվի «շատ բարձր թվայնացված» կառավարվող երկրների շարքը»:










