Պաշտպանները դատարանին միջնորդեցին Գագիկ Խաչատրյանին ազատ արձակել կամ առնվազն գրավ կիրառել․ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ (տեսանյութ)

12:39 • 26.08.20

19։40

Դատախազի դիտարկմամբ՝ շուրջ մեկ տարի Գագիկ Խաչատրյանը ստացել և ստանում է իր առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն, հետևաբար պաշտպան Սարգսյանի կողմից դատարանին ներկայացված փաստերը մեկ նպատակ են հետապնդում՝ փորձ կատարել ամեն գնով ներկայացնել, որ պետությունը իր պարտականություննները չի կատարել Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման համար. «Սա իրականությանը չի համապատասխանում, հետևաբար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց, պետք է պահպանվի»:

Երեմ Սարգսյանն արձագանքեց, թե դատախազն ամեն ինչ հերքում է, սակայն ոչ մի ապացույց, փաստական տվյալ չի ներկայացնում, իսկ Աստղիկ բժշկական կենտրոնում Խաչատրյանը ոչ թե բուժում է ստացել, այլ զննում:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշման հրապարակման ժամկետի մասին կհայտնեն լրացուցիչ։

18:45

Երեմ Սարգսյանը դատարանին  ներկայացրեց, որ մեղադրող մարմինը բառախաղի միջոցով փորձել է մեղադրանքի պատրանք ստեղծել, և ներկայացրեց մեղադրող կողմի ներկայացված փաստերը, որոնք, ըստ նրա, իրականությանը չեն համապատասխանում և դա հեշտ ապացուցելի է, քանի որ բոլոր իրադարձությունները դրա մասին են խոսում և Գագիկ Խաչատրյանին առնչվող քննություներից միայն այն է ճիշտ, որ նա ՊԵԿ նախագահ է եղել:

«Մենք մոռանում ենք մի բան, որ Գագիկ Խաչատրյանը 2016 թվականից որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում։ 2018 թվականին իշխանափոխություն է եղել, և եթե այսօր մեր գործընկերը մեղադրանքի հետ մեկտեղ առաջ է բերում հեղանակություն ունենալու փաստ, ապա ասեմ, որ հեղինակություն ունենալը կալանավորման հիմք չէ: Հետևաբար, հարգելի դատարան, բերված մեղադրանքերը հիմք չեն:

Այս պահին ի՞նչ է վտանգը, ընդամենը կան հակասություններ Սերգո Կարապետյանի հետ կապված, որի առնչությամբ էլ առերեսում է կատարվել: Հիմա ի՞նչ կա, ումի՞ց ի՞նչ եք ուզում պաշտպանել, չնայած այստեղ նպատակ կա մեղադրվողին կալանքի տակ պահելու»,- ասաց նա:

Նա հիշեցրեց, որ Վճռաբեկ դատարանը արձանագրել է՝ կալանավորումը խափանման միջոցներից ամենախիստն է և կարող է կիրառվել այն ժամանակ, երբ մյուս խափանման միջոցները չեն համապատասխանում: Ըստ նրա՝ 2019 թվականից գոնե մեկ փաստական տվյալ չկա, որ Գագիկ Խաչատրյանը երբևէ փորձել է դատական նիստերին և որոշումներին խոչընդոտել, Գագիկ Խաչատրյանի բոլոր ազգականները հրավիրվել են ԱԱԾ, սակայն ոչ մի անգամ չի շահարկվել հեղինակության հարցը:

«Հիմա մեկ տարի է՝ կալանքի տակ պահել են, ասում են՝ հիմա, որ դուրս գա, կխոչընդոտի: Դե լավ, այս աբսուրդը ե՞րբ է վերանալու»,- ասաց Սարգսյանը:

 

 

13։50

Երեմ Սարգսյանն ինքնաբացարկ հայտարարեց: Գագիկ Խաչատրյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը նշեց, որ կոնկրետ այս նիստի ժամկետները շատ քիչ են և նրանք չեն կարող ամբողջ ծավալով օրինականության սահմաններում ամեն  ինչ ներկայացնել, քանի որ իրենց գործում օրինականությունը ոտնատակ է տրվում դեռ 2019 թվականից:

«Գիտե՞ք՝ ցավալին որն է, այն, որ մեր հարգելի մեղադրողը պրոֆեսիոնալ առումով շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում դատաքննության գործընթացում, որովհետև մեղադրողի հիմնական գործառույթների մեջ է մտնում դատաքննության օրինականությանը հսկողություն սահմանելը ու ճանաչելով մեղադրողին՝ հասկանում ենք, որ նա ինչի մասին, որ խոսում է, ավելին գիտի, քան այս պահին ներկայացվածից, քանի որ ժամկետները շատ քիչ են»,- ասաց Մակինյանը:

Մեղադրող կողմը արձագանքեց, թե դատախազի կողմից կայացված որոշումները չեն կարող հիմք հանդիսանալ բացարկ հայտնելու համար: Սարգսյանը դիտարկեց, թե սա սխալ մոտեցում է, քանի որ ստացվում է՝ դատախազը կարող է խայտառակ խախտումներով  որոշումներ մտցնել, որին ըստ երևույթին՝ բացարկներ ներկայացնել հնարավոր չի լինի:

Մակինյանը նշեց, որ նման մոտեցումը ցույց է տալիս, որ դատախազը կանխակալ է այս գործով:

Դատարանը հեռացավ որոշում կայացնելու, որոշումը կհրապարակվի ժամը 15:00-ին:

13։00

ՊԵԿ նախկին նախագահի պաշտպան Երեմ Սարգսյանը դատական նիստի ժամանակ դիտարկեց, որ այսօր քննարկվում է Խաչատրյանի կալանավորման կամ դրա բացակայության հարցը, սակայն ըստ նրա՝ առաջին հերթին պետք է քննարկվի այս միջնորդության հիմնավոր կամ ոչ հիմնավոր  լինելու փաստը:

«Այստեղ լուրջ խնդիր ունենք նաև առողջական վիճակի հետ կապված և այլն: Հիմա երկու հարց ունեմ այս ամենի կապակցությամբ, առաջինը՝ դատարանն արդյոք ներկայացրել է այս քրեական գործով իրեղեն ապացույցները, որոնք ըստ մեղադրանքի՝ պահվում են ԱԱԾ-ում, որոնք առանցքային կապ ունեն մի քանի մեղադրանքների հետ և չեն ներկայացվել դատարան»,- ասաց նա և դիտարկեց՝ այն դատարանը, որն ընդհանրապես նախաքննությանը չի մասնակցել, արդյոք ծանոթ է 37 հատոր գործի նյութերին և պատրաստ է արդյոք հիմնավոր որոշում կայացնել:

Դատախազը արձագանքեց, թե անթույլատրելի է դատարանի հետ հարց ու պատասխանի անցնելը և տեղին չէ այն դիտարկումը, թե դատարանը չի կարող հիմնավոր կասկածի հետ կապված հետևություններ անել:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար (ՀՀ քրեական օրենսգրքի վեց հոդվածով՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Իսկ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ): Խաչատրյաններն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: