Կորոնավիրուսից մահացածների հարազատները զրկված են իրավական պահանջ ներկայացնելու իրենց իրավունքից, հասնելու ենք պետության կողմից նրանց դրամական փոխհատուցման տրամադրմանը. փաստաբան (տեսանյութ)  

14:15 • 26.08.20

2020 թվականի հունիսի մեկին ես հանդես եկա հրապարակային հայտարարությունով, որ ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած անձ՝ դատական քրեաիրավական ճանապարհով գոյություն չունի, հետևաբար ՀՀ-ում  ոչ մի պաշտոնատար անձ չի կարող քրեական հետապնդման և պատասխանատվության ենթարկվել կորոնավիրուսի հետևանքների և այդ ոլորտում տեղի ունեցած բացթողումների և խախտումների համար. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «ԷՅՋՎԻԷՅՋ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Փաստաբանի խոսքով՝ եթե մահացածին դիահերձում չի արվում, ապա հնարավոր չէ պարզել կորոնավիրուսի և մահվան միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:

Վահան Հովհաննիսյանը նշեց, որ շփվելով պաշտոնական վարկածով կորոնավիրուսից մահացած անձանց հարազատների և ազգականների հետ, արձանագրել են, որ այդ ոլորտում առկա են մի շարք իրավական և սոցիալական խնդիրներ:

«Բոլոր դեպքերում, կորոնավիրուի հետևանքով հիվանդանոց տեղափոխած և այնուհետև մահացած դրական թեստերը նրանց հարազատները չեն տեսել:

Հիվանդանոց տեղափոխվելուց հետո իրենց հարազատի հետ կապ չեն ունեցել ներառյալ՝ տեսակապ, հեռախոսազանգ: Ազգականներից բոլորը անխտիր չգիտեն, թե ե՞րբ և ո՞ր ժամին է տեղի ունեցել իրենց հարազատի կենսաբանական մահը և ինչի՞ հետևանքով է առաջացել մահը: Հիմնականում մահացածին չեն տեսել և նրանց հանձնվել է փակ, կնքած դագաղով, որոշակի դեպքերում՝ թաղմանը չեն մասնակցել»:

Փաստաբանը նշեց, որ դեպքեր են եղել, երբ կորոնավիրուսից մահացած անձի ընտանիքը պարտադիր մեկուսացման չի ենթարկվել, գրացվել են դեպքեր,երբ  հիվանդը ինսուլտի ախտանիշով տեղափոխվել է հիվանդանոց, սկզբում թեստը բացասական է եղել, բայց, երրորդ օրը ախտորոշվել է կորոնավիրուս, հարազատների կարծիքով՝ նա վարակվել է հիվանդանոցում:

«Հետաքրքիր է, որ բոլոր անձանց մոտ կուտակված է դժգոհությունը, զայրույթը գալիս է դեպքերի անորոշությունից, քանի որ որևէ դեպքով որևէ պետական մարմին փաստաթղթային իրազեկում չի տվել, թե ե՞րբ է տեղի ունեցել իրենց հարազատի մահը»:

Փաստաբանը նշեց, որ պետության պարտավորությունն է մահվան հետևանքների հետաքննություն իրականացնելը.

«Ոչ մի դեպքով քրեական գործ չի հարուցվել և նախաքննություն չի իրականացվել, հետևաբար պետությունը իր պոզիտիվ պարտականությունը չի իրականացնում:

Մահվան հանգամանքների հետաքննությունը պետության պարտականությունն է, այն չիրականացելը խախտում է անձանց կյանքի իրավունքը: Բացի այդ, պետության կողմից իր պարտականությունները չկատարելը իր մեջ պարունակում է առերևույթ հանցագործության  հատկանիշներ, որի վերաբերյալ հետագայում հանդես ենք գալու հանցագործության մասին հաղորդմամբ»:

Վահան Հովհաննիսյանը նշեց, որ շարունակում են դիմումների ընդունումը,  եթե պարզեն, որ որևէ դեպքով հետաքննություն չի իրականացվել, իրենք հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու համապատասխան մարմիններին, որպեսզի պարզեն, ինչո՞ւ որևէ հետաքննություն չի իրականացվել:

«Այն անձիք, որոնք դիմել են մեզ, զրկված են դատավարական բոլոր իրավունքներից, քանի որ իրավահաջորդի կարգավիճակ կարող են ստանալ միայն հարուցված քրեական գործով, և քանի որ նման կարգավիճակ չունեն, հետևաբար նրանք զրկված են իրավական պահանջ ներկայացնելու իրենց իրավունքից: Մենք հասնելու ենք նրանց պետությսն կողմից դրամական փոխհատուցման տրամադրմանը»,-ընդգծեց  փաստաբանը: