Ջրհեղեղ Պակիստանում. երեք օր տևած մուսոնային անձրևների հետևանքով առնվազն 90 մարդ է մահացել, փողոցներն ու տները ողողվել են կոյուղաջրերով (լուսանկարներ)
Պակիստանում երեք օր տևած մուսոնային անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով առնվազն 90 մարդ է մահացել, վնասվել է առնվազն 1000 տուն, գրում է The Guardian պարբերականը՝ հղում տալով երկրի տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալությանը։
Կարաչի քաղաքում փողոցներն ու տները ողողվել են կոյուղաջրերով, այստեղ չափազանց հին կոյուղատար համակարգերը հեղեղվել են հորդառատ անձրևների հետևանքով։
Նշվում է, որ փրկարարները, կամավորները և զինվորականները հարյուրավոր մարդկանց տարհանման աշխատանքներ են իրականացրել։ Հարյուրավոր տուժածներ ստիպված են եղել որոշ ժամանակով իրենց հարազատների տանը կացարան գտնել։
Տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալությունից հայտնում են, որ Սինդ նահանգի Դադու շրջանում նավակների օգնությամբ մոտ 300 մարդ է տարհանվել, իսկ ահա Կարաչիի շրջաններից՝ 1245 մարդ։
Նշվում է, որ Կարաչիում այս շաբաթ անձրևները դեռևս կշարունակվեն։



















