«Քնած Ջոն» մինչև հունվարի 20-ը չի էլ ապրի»․ Թրամփի կողմնակիցները կասկած են հայտնել Բայդենի` մինչև երդմնակալության արարողությունն ապրելու առնչությամբ

11:09 • 26.08.20

ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ, Հյուսիսային Կառոլինա նահանգի փոխնահանգապետ Դեն Ֆորեսթն իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ կասկած է հայտնել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի 77-ամյա թեկնածու Ջո Բայդենի` մինչև 2021 թվականին տեղի ունենալիք երդմնակալության արարողությունն ապրելու առնչությամբ, գրում է The Washington Post-ը։ 

«Կարո՞ղ եք Քամալա Հարիսին (Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված փոխնախագահի թեկնածու) ԱՄՆ նախագահի պաշտոնում պատկերացնել։ Ցանկանում եմ ասել, որ «քնած Ջոն», հավանաբար, մինչև հունվարի 20-ը (երդմնակալության արարողության օրը) չի էլ ապրի։ Այնպես որ հնարավորություն կա, որ Քամալա Հարիսը ձեր նախագահը կլինի»,- նշել է Դեն Ֆորեսթը։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ավելի վաղ գործող նախագահի շտաբի ավագ խորհրդական Մերսեդես Շլապը նույնպես Հարիսի՝ նախագահ դառնալու շանսերը բարձր էր գնահատել։ 

Նշվում է, որ ավելի վաղ Ջո Բայդենը հայտարարել էր, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում կարող է անգամ երկրորդ ժամկետի համար պայքարել, ուստի՝ իր տարիքը որևէ կերպ դրան չի կարող խանգարել։ Գործող 74-ամյա նախագահ Դոնալդ Թրամփը, իր հերթին, Բայդենին խորհուրդ էր տվել կոգնիտիվ ունակությունները ստուգող թեստ հանձնել։

Երկրի Առողջապահության վիճակագրության ազգային կենտրոնի տվյալներով՝ 2018 թվականի դրությամբ ԱՄՆ-ում կյանքի միջին տևողության ցուցանիշը մոտ 78 տարեկանն է եղել։