ԱՄՆ-ում ոստիկանների կողմից ևս մի աֆրոամերիկացու հրազենային վիրավորում հասցնելու հետևանքով սկսված բողոքի ցույցերը շարունակվել են՝ չնայած պարետային ժամին (լուսանկարներ, տեսանյութեր)
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Կենոշա քաղաքում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքին հրազենային վիրավորում հասցնելուց հետո երրորդ օրն անընդմեջ շարունակվել են զանգվածային բողոքի ցույցերն ու անկարգությունները, գրում է Daily Mail պարբերականը։
Մոտ 300 ցուցարար նախորդ գիշեր հավաքվել է շրջանային դատարանի շենքի մոտ՝ չնայած Վիսկոնսինի նահանգապետ Թոնի Էվերսի կողմից նախօրեին սահմանված պարետային ժամին։
Նշվում է, որ ավելի ուշ բախումներ են եղել ոստիկանների հետ, դատարանի շենքի մոտակայքում զրահատեխնիկա է նկատվել, իրավապահ ուժերն ամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ են կիրառել։
Ինչպես ավելի վաղ հայտել էր Tert.am-ը, օրեր առաջ Կենոշայի ոստիկանները հրազենային վիրավորում են հասցրել աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքին, որից հետո քաղաքում զանգվածային անկարգություններ են սկսվել։
Դեպքը տեղի է ունեցել կիրակի, երբ 29-ամյա Բլեյքը փորձել է միմյանց հետ վիճող երկու կնոջ իրարից բաժանել։ Տղայի ընկերուհու՝ Լակեշ Բուքերի խոսքով՝ նրա մոտ զենք չի եղել, իսկ ոստիկանները նրա վրա մի քանի անգամ կրակել են թիկունքից։ Վիրավոր անձը տեղափոխվել է Միլուոքիի հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային ցույցեր էին սկսվել ոստիկանի կողմից սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքները:
Կատարվածից զայրացած ամերիկացիները ամիսներ շարունակ բողոքի ցույցեր էին իրականացնում երկրի ամբողջ տարածքում՝ պահանջելով խստագույնս պատժել ոչ միայն ոստիկանին, այլև նրա կողքին գտնվող մյուս երեք սպաներին, որոնք ոչինչ չեն արել մարդու կյանքը փրկելու համար:








Միջադեպի տեսանյութը՝










