Աֆղանստանում սպանվել է երկրի նախագահի խորհրդականը

14:48 • 31.08.20

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում սպանվել է երկրի նախագահի հասարակական հարցերով ավագ խորհրդական Մուհամեդ Հասան Հոթաքը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով աֆղանական 1TV հեռուստաընկերությանը:

Khaama press պարբերականի տվյալներով՝ նախագահի խորհրդականը սպանվել է կիրակի երեկոյան, երբ մի քանի զինված անձ կրակ է բացել մայրաքաղաքի Կալա է Վազիր շրջանում:

Անվտանգության ծառայության աշխատակիցները լրացուցիչ տեղեկություններ չեն ներկայացրել, հայտարարել են միայն, որ սկսվել է հետաքննություն` մեղավորներին պարզելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Ոչ մի խումբ կամ անձ դեռևս պատասխանատվություն չի ստանձնել տեղի ունեցածի համար:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին դատապարտել է սպանությունը` այն անվանելով ահաբեկչական գործողություն: