Քաղաքապետը մեզ խոստացել էր նոր ավտոբուսներ, սակայն մրցույթի չափորոշիչներն այնպես են կազմվել, որ հաղթի «ԳԱԶել»-ը. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)
Եթե քաղաքային իշխանությունը հաշվետու է և հայտարարում է, որ նշանակվել է 100 ավտոբուսների մրցույթ, ապա պետք է ազնիվ գտնվի և ասի, որ այդ մրցույթը չի կայացել, հաղթող չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետի՝ տրանսպորտային ոլորտում փոփոխություն մտցնելու վերաբերյալ խոստումների և դրանք չկատարելու մասին:
Նա նշեց, որ նույնիսկ ներկայացվել են, թե նոր ավտոբուսներն ինչ չափի են լինելու (18 մետր՝ 150 ուղևորով, 12 մետր՝ 90-100 ուղևորով, 7.5-8.5 մետր՝ 40-50 ուղևորով): Խաժակյանը շեշտեց՝ այս նախագծի համար քաղաքային իշխանությունն արդեն վճարել է, և ընդունվել է այսպիսի տրանսպորտային ցանց, որտեղ հստակ երթուղիները կան, փաստաթուղթն առկա է:
««ԳԱԶել»-ները փոխարինելու որոշումն առկա է Երևանի զարգացման հնգամյա ծրագրում, որն ընդունել է այս քաղաքային իշխանությունը»,- ասաց Խաժակյանը և տեսահոլովակով կրկին ցուցադրեց, թե այս երկու տարվա ընթացքում ինչ խոստումներ է տվել քաղաքային իշխանությունները՝ տրանսպորտային ցանցը փոփոխելու և միկրոավտոբուսները հեռացնելու մասին:
Խաժակյանը դիտարկեց, որ այն մրցույթը, որը պետք է այսօր տեղի ունենա, բացարձակ ավտոբուսների մասին չէ, այլ շատ փոքր տարողությամբ ավտոբուսների մասին է, որը, ըստ էության, կրկին «ԳԱԶել» է: «Մեզ երկու տարի ասում էին՝ նոր ավտոբուսներ, նոր ցանց, մինչդեռ իշխանությունը «ԳԱԶել»-ներ է պատվիրում»,- ասաց նա և նկարագրեց այն տրանսպորտային միջոցը, որի մրցույթն այսօր է տեղի ունենալու: Ըստ Դավիթ Խաժակյանի` անպայման հաղթելու է «ԳԱԶելը», քանի որ քաղաքապետարանի ներկայացրած ստանդարտներին միայն դա է համապատասխանում:
«Բացի դա, մոտ մեկ տարի առաջ Հայկ Մարությանը նշել էր, որ մոտ 450 միկրոավտոբուսներ պետք է գծից դուրս գան, որոնց 15-20 տարին լրացել է, փաստացի գծերից դուրս չեն մնացել: Այս պահին մենք ունենք իրավիճակ, երբ խախտված է Կառավարության որոշումը, և խոսքը գերմաշված «ԳԱԶել»-ների մասին է»,- ներկայացրեց Խաժակյանը և հավելեց, որ այս ամենը քաղաքացու կյանքին է վնաս հասցնելու, և տեղի ունեցածի համար լրիվ այլ մարդ է պատասխանատվության ենթարկվելու:
Խաժակյանի խոսքով՝ այսօր սպասվող մրցույթին 100 տրանսպորտային միջոց է հաղթելու, և եթե դա էլ չլինի, ապա քաղաքում կոլապսային իրավիճակ է տիրելու: «Երբ Մարությանը ասում էր՝ այն, ինչ հնարավոր չէր պատկերացնել երեկ, իրականություն է այսօր, խոսվում էր «ԳԱԶել»-ների գնման մասին, և սա պարզապես ամոթալի է որևէ քաղաքային իշխանության համար, երբ քո մասնավոր գծատերը չի համաձայնում «ԳԱԶել» գնել, և դու ստիպված ես դրանք համայնքային միջոցներով գնել, որոնք նոր տրանսպորտային ցանցում չեն կարող գործել, որը հաստատել է նաև ավագանին և ստացվում է՝ սա անարգանք է ավագանու կայացրած որոշման նկատմամբ. 100 հենց այնպես գնում, որը հետագայում որևէ կերպ չի օգտագործվելու, այն խոստումները, որոնք կային, չեն կարող կյանքի կոչվել, քանի որ նրանք ասում են՝ դա նոր ցանցում չկա, չենք էլ պատրաստվում դա անել»:
Մանրամասները` տեսանյութում:










