«ՀՀ-ում չկա հոգեկան առողջ ու ուղեղի վրա ծալքեր ունեցող մարդ, որը կմտածի, թե կորոնավիրուսի խայտառակությունը Նիկոլը չէր ուզում, Արսեն Թորոսյանը ստիպելով անում էր». Կ. Տեր-Նակալյան (տեսանյութ)
Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանն իր համար նստած է, ու Արայիկ Հարությունյանը կամ Արսեն Թորոսյանը կամ իր նշանակած որևէ նախարար տանում է ինքնուրույն գիծ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Ադեկվատ» միաբանության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը` անդրադառնալով առողջապահության ու ԿԳՄՍ նախարարների շուրջ ստեղծված իրավիճակին:
Նրա խոսքով` ցանկացած պարագայում քաղաքականության գլխավոր պատասխանատուն այս կամ այն գերատեսչության ոչ միայն ղեկավարն է, այլև իր վերադասը՝ տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը:
«Մեր միաբանությունը շաբաթներ առաջ ազդարարել էր, որ եթե անգամ կան որևէ վերապահումներ կամ գաղափարական որոշակի տարաձայնություններ, մենք չենք խանգարելու այն ուժերին, այդ թվում` պիտակավորումներով կամ ինչ-որ հրապարակավ անհամաձայնություններ հայտնելով, որոնք այսօր իրենց ընդվզման և բողոքի խոսքն են ասում այս իշխանության հասցեին»,- ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Նրա խոսքով` որպես գերատեսչությունների ղեկավար` Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը, ինչքան էլ իրենց ոլորտում ունենան բացթողումներ, մեղավորությունը հավասար պիտի կիսի կառավարության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը:
«Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որը նրանց նշանակել է այդ պաշտոնին, այն մարդն է, որն այս 2 տարվա ընթացքում հրապարակավ և ոչ հրապարակավ զորակցել է նրանց ու ստեղծել է այն միջավայրը, որը թույլ է տալիս այդ նախարարներին անել այն, ինչը առաջացնում է հասարակության տարբեր շերտերի դժգոհությունները: Կլինի տարատեսակ կոնվենցիաների ներդրում, կլինի 1000 հոգու գլուխ ուտել կորոնավիրուսով, կլինի հայ բառի աքսորումը կրթական ծրագրերից, այդ ամեն ինչում ինչքան մեղավոր են նախարարները կամ սորոսական փոխնախարարները, այնքան էլ՝ Նիկոլ Փաշինյանը, ու ինքն ավելի մեղավոր է, քան բոլորն իրար հետ վերցրած, քանի որ վերջնական հասցեատերն ինքն է»,- ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Նրա խոսքով` ՀՀ-ում չկա հոգեկան առողջ ու ուղեղի վրա ծալքեր ունեցող մարդ, որ կմտածի, թե կորոնավիրուսի խայտառակությունը Նիկոլը չէր ուզում, Արսեն Թորոսյանը ստիպելով անում էր:
«Մենք հիշում ենք, որ երբ կորոնավիրուսը սկսվում էր, Նիկոլն էր հանրահավաքներ անում, ասում էր` անլուրջ է, իսկ իր նախարարներն իր հնչեցրած թեզերը շարունակում էին սպասարկել, ոնց որ Թորոսյանն էր անում, սկզբում ասում էր` դիմակը չի օգնում, հետո նույն Թորոսյանն ասաց, որ դիմակը պարտադիր է»,- ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










