Չեռնոգորիայում BMW մակնիշի մեքենան մխրճվել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած ընդդիմության կողմնակիցների խմբի մեջ (լուսանկար)

12:03 • 31.08.20

Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) Նիկշիչ քաղաքում BMW մակնիշի մեքենան մխրճվել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած ընդդիմության կողմնակիցների խմբի մեջ։ Ինչպես գրում է Vijesti-ն, դեպքի հետևանքով մի քանի մարդ է տուժել, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։

«Երեք մարդ հսկողության տակ է գտնվում, կյանքին ուղղված վտանգ չկա, սակայն բոլորին հոսպիտալացնելու անհրաժեշտություն կա։ Մնացածները թեթև մարմնական վնասվածքներով տուն են ուղարկվել»,- հայտնել է հերթապահ բժիշկ Դեյան Բայովիչը։ 

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքային ավտոկայանի մոտակա օղակաձև ճանապարհին: Բախումից հետո ընդդիմության կողմնակիցները հարձակվել են վարորդի վրա, սակայն ոստիկանությունը ժամանակին միջամտել է:

Նշենք, որ երկրի ընդդիմությունը տոնում է խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակը, այնինչ երկրի նախագահ Միլո Ջուկանովիչը չի ընդունում պարտությունը: