Փարիզում ոստիկանությունն առգրավել է Ժերար Դեպարդիոյի սկուտերը` հարբած վիճակում վարելու համար

12:52 • 31.08.20

Փարիզյան ոստիկանությունն արձանագրություն է կազմել ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիոյի նկատմամբ, որով արգելել է նրան շարունակել ճանապարհը սկուտերով, քանի որ դերասանն այն վարել է հարբած վիճակում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով ֆրանսիական Le Point պարբերականին:

Ոստիկանները որոշել են ստուգել Դեպարդիոյին այն բանից հետո, երբ նկատել են, որ նա խախտել է երթևեկության կանոնները: Ոստիկանների պահանջով նա կայանել է Մեն մայրուղու ոստիկանական կոմիսարիատի դիմաց: Զգալով հարբածության որոշակի նշաններ` ոստիկանները Դեպարդիոյին առաջարկել են ալկոհոլային թեստ հանձնել, որը դրական պատասխան է ցույց տվել: Այդ ժամանակ դերասանը խոստովանել է, որ ճանապարհ ընկնելուց առաջ մի քանի բաժակ գարեջուր է խմել:

Աղբյուրը նշում է, որ ոստիկանները Դեպարդիոյին ճանաչել են սաղավարտը հանելուց հետո և տեղի ունեցածի մասին տեղեկացրել են ղեկավարությանը:

Դեպքի վայր է ժամանել քաղաքային ոստիկանության կոմիսարներից մեկը, որը համոզել է արձանագրություն չկազմել դերասանի դեմ: Սակայն, համաձայն օրենքի, առաջին թեստը դրական լինելուց հետո երկրորդ թեստն է հանձնվել, որը ցույց է տվել, որ դերասանի արտաշնչած օդում 0,40 մգ ալկոհոլ կա (նորման 0,25 մգ է), ինչից հետո արձանագրությունը, այնուամենայնիվ, կազմվել է:

Ոստիկաններն արգելել են Դեպարդիոյին շարունակել ճանապարհը սկուտերով, նրան ոստիկանական բաժանմունքից տարել են ծանոթները: