Բաթումում պաստառներ են հայտնվել, որոնց վրա վրացական «Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդները պատկերված են Պուտինի կերպարով (լուսանկար)

12:11 • 31.08.20

Վրացական Բաթում քաղաքում հայտնվել են BIMO կեղծանվամբ նկարչի ստեղծած նոր պաստառները, որոնց վրա նա պատկերել է «Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդներ Իրմա Ինաշվիլիին և Դավիթ Թարխան-Մուրավիին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարով: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Պաստառների վրա նկարիչը գրել է. «Հարկավոր է տեսնել երկրի դավաճանների իրական դեմքը»:

Այս կերպ նկարիչը պատասխանել է քաղաքում կուսակցության տեղադրած ընտրական ցուցանակի բովանդակությանը: Կուսակցական ցուցանակի վրա պատկերված Վրաստանի քարտեզում Աբխազիան, Հարավային Օսիան, ինչպես նաև Աջարիան նշված են կարմիր գույնով: Կուսակցության ներկայացուցիչների խոսքերով՝ դա նշանակում է, որ Աջարիան նույնպես բռնակցված է (Թուրքիայի կողմից):

Ցուցանակների բովանդակությունը հասարակական դժգոհությունների տեղիք է տվել, դրանք հանվել են ցուցարարների կողմից:

«Ես կտարածեմ այս պաստառները փողոցներում, շարունակելու եմ տարածել, որպեսզի շատ մարդիկ տեսնեն, թե ով եք դուք: Իրմա Ինաշվիլի, Դավիթ Թարխան-Մուրավի, նորմալ երկրում ձեր տեղն այլ վայրում կլիներ: Ինչ վերաբերում է մեր երկրի իշխանությունների արձագանքին. պարզ է, թե որքան եք վախենում արտահայտել նույնիսկ նորմալ քննադատական կարծիք»,-գրել է նկարիչը:

Պաստառները տեղադրվել են Բաթումի Աբաշիձե փողոցում: