Ռուսաստանը որոշել է արտաքսել Սլովակիայի դեսպանատան 3 աշխատակցի՝ ի պատասխան ռուս 3 դիվանագետի արտաքսման
Ռուսաստանը որոշել է արտաքսել Մոսկվայում Սլովակիայի դեսպանատան երեք աշխատակիցների՝ ի պատասխան ռուս երեք դիվանագետների արտաքսման, երկրի ԱԳՆ-ին հղումով գրում է ria.ru-ն։
Մոսկվան Սլովակիայի արարքը «անհիմն» է որակել և վճռական բողոք հայտնել։
«Բրատիսլավայի այս ոչ բարեկամական քայլը մեր երկրների միջև հարաբերությունների կառուցողական զարգացման ավանդական ոգուն հակասող ենք գնահատում»,-ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ առաջնորդվել են փոխադարձության սկզբունքով։
Ավելի վաղ Սլովակիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր երեք ռուս դիվանագետների արտաքսման մասին, որոնց գործողությունները, նրանց հաղորդմամբ, հակասում են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային:
Բացի այդ, սլովակյան կողմը Սանկտ Պետերբուրգում Սլովակիայի գլխավոր հյուպատոսությունում «չարաշահումներ է նկատել վիզաների տրամադրման հարցում»:










