«Ոչ մի երկիր չի կարող ձևացնել, թե համավարակն ավարտվել է»․ ԱՀԿ ղեկավարը կոչ է արել շարունակել COVID-19-ի դեմ պայքարի համար սահմանափակումների կիրառումը (տեսանյութ)

10:42 • 01.09.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը երկրներին կոչ է արել շարունակել COVID-19-ի դեմ պայքարի համար սահմանափակումների կիրառումը՝ ընդգծելով, որ առանց վերահսկողության վիրուսը կվերածվի «աղետի»։

«Արդեն 8 ամիս է, ինչ ապրում ենք COVID-19-ի համավարակի պայմաններում, և մենք հասկանում ենք, որ մարդիկ հոգնել են և ցանկանում են շարունակել իրենց կյանքը, բայց ոչ մի երկիր չի կարող ձևացնել, թե համավարակն ավարտվել է: Այս վիրուսը հեշտությամբ տարածվում է, և մենք բոլորս պետք է լրջորեն ճնշենք դրա փոխանցումը և կյանքեր փրկենք»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ երկրները որքան լավ կարողանան վերահսկել վիրուսի տարածումը, այնքան ավելի շուտ հնարավորություն կունենան վերաբացելու իրենց երկրները։

«Իրականությունն այն է, որ կորոնավիրուսը հեշտությամբ տարածվում է և կարող է մահացու լինել բոլոր տարիքի մարդկանց համար։ Առանց վերահսկողության բնականոն կյանքին վերադառնալն աղետի բաղադրատոմսն է»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ վարակի փոխանցումը վերահսկելու համար անհրաժեշտ է կանխել այն իրադարձությունները, որոնք հանգեցնում են հիվանդության բռնկումներին, այդ թվում՝ մարզական միջոցառումները, գիշերային ակումբների աշխատանքը և պաշտամունքային վայրեր այցելությունները։

Ըստ worldometers.info-ի տվյալների՝  աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 25 641 965-ի, մահացել է 854 809 մարդ, ապաքինվել՝ 17 943 674-ը:

Ավելի վաղ COVID-19-ի հարցով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ պատվիրակ Դեյվիդ Նաբարոն խորհուրդ էր տվել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում օրինակ վերցնել Շվեդիայից, որը վստահել է հասարակությանը: Ըստ նրա՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շվեդական ռազմավարությունը, որը կառուցվել է իշխանության և հասարակության միջև վստահության հիման վրա, կարող է օրինակ ծառայել մյուս երկրների համար, քանի որ ցույց է տվել իր արդյունավետությունը։