«Ակնհայտ է, որ դրա ետևում կանգնած են հակաթուրքական շրջանակները». Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ավստրիայի կողմից Թուրքիային ուղղված լրտեսության մեղադրանքը
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյն արձագանքել է Ավստրիայի կողմից Թուրքիային ուղղված ենթադրյալ լրտեսության մասին մեղադրանքներին: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
«Մենք հերքում ենք ավստրիական իշխանությունների կողմից մեր երկրի նկատմամբ արված անհիմն մեղադրանքները: Ակնհայտ է, որ դրա ետևում կանգնած են հակաթուրքական շրջանակները»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ խոսնակի գրավոր հայտարարության մեջ:
Աքսոյը նշել է, որ Թուրքիայի իշխանություններն ապշած են նման անլուրջ մեղադրանքներից:
«Այս իրավիճակը վատ է անդրադառնում Ավստրիայի թուրքական համայնքի վրա և վնաս է հասցնում թուրք-ավստրիական հարաբերություններին: Ավստրիական կառավարությունը պետք է հրաժարվի մանր ներքաղաքական հաշվարկներով Թուրքիայի միջոցով արհեստական օրակարգ հետապնդելուց, պետք է գործի պետական արժանիքներով և առողջ մտքով»,- հավելել է Աքսոյը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ավստրիայում ձերբակալել են ենթադրյալ թուրք լրտեսի, որը հետևել է երկրում Թուրքիայի նախագահ Էրդողանի քննադատներին: Այս մասին հայտարարել է Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը: Նախարարը հավելել է, որ Ավստրիան դիվանագիտական քայլեր է նախաձեռնելու ձերբակալության հետ կապված, իսկ դատական իշխանությունը լրտեսության մեղադրանք կներկայացնի:










