«Վիվասել ՄՏՍ»-ն ու «Բիլայնը» մերժել են Արցախին կապի ծառայություններ մատուցել, «Յուքոմը» չի էլ պատասխանել դիմումին. վաղվանից Արցախի տարածքում ունենալու ենք 3G կապ. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ «Ղարաբաղ տելեկոմի» մենաշնորհի հետ կապված խնդրին՝ նշելով, որ մենաշնորհային պայմանագիրը կնքվել է 2002 թվականից 30 կամ 35 տարի ժամկետով:
«Պաշտոնավարման վերջին օրերին նամակ եմ գրել «Յուքոմ»–ի հեռահաղորդակցական ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանին, MTS Հայաստանի գլխավոր տնօրեն պարոն Յիրիկյանին և Պյատախինին՝ «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենին: Բովանդակությունը նույնն է. հրավիրել եմ Արցախում կապի բնագավառում ծառայություններ մատուցելու, երկուսի պատասխանը մոտս է՝ բացասական, «Յուքոմ»–ը պատասխան չի տվել: Եսայանին (նկատի ունի «Յուքոմ»–ի նախկին տնօրեն Հայկ Եսայանին – Tert.am), որ հանդիպել եմ, հարցրել եմ՝ ինչո՞ւ գոնե չեք պատասխանել բացասական, ասաց՝ նամակը չենք էլ մուտքագրել»,- պարզաբանեց Հարությունյանը:
Արցախի նախագահը նշեց, որ սա ասում է, քանի որ մշտապես խոսվում է մենաշնորհի մասին, սակայն իրենք մշտապես այդ ուղղությամբ աշխատանք կատարել են: «Նոր օպերատոր, որը հայկական օպերատոր չլինի, որևէ առավելություն Արցախին չի տալու, հակառակը՝ ունենալու ենք ավելի մեծ պրոբլեմներ, դրա համար ես միշտ աշխատել եմ ստեղծված իրավիճակում ունենալ օպտիմալ լուծումներ: Մինչև հրաժարականիս, օրեր առաջ եղել եմ Լիբանանում և հանդիպել եմ «Ղարաբաղ Տելեկոմ»–ի միակ սեփականատեր Պիեր Ֆատուշի հետ, և մենք համատեղ մշակել ենք ճանապարհային քարտեզ, որը թույլ է տալու Արցախում ունենալ բարձրակարգ և մատչելի գներ»,- ասաց նա:
Նա նշեց, որ նախընտրական փուլում հայտարարել է՝ ամիսների ընթացքում Արցախն ունենալու է Հայաստանի կապի որակին համապատասխան կապ: «Իհարկե, այդ աշխատանքները պետք է սկսած լինեին մայիս-հունիս ամիսներին, սարքավորումները եկել են Ղարաբաղ, բայց մասնագետները չեն եկել՝ պայմանավորված կորոնավիրուսով:
«Ղարաբաղ Տելեկոմի» մասնագետները, հեռավար բանակցելով, արդեն այս գիշեր վերագործարկելու են նոր կայանները: Շատ երկար ու ծանր է եղել, վաղվանից Արցախի հիմնական տարածքում ունենալու ենք բարձրակարգ 3G համակարգ, իսկ 4G Համակարգ Ստեփանակերտում և մնացած խոշոր բնակավայրերում ծրագրվում է առաջիկայում՝ հիմնականում մյուս տարի»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է սակագներին, Հարությունյանը նշեց, որ Արցախում լինելու է Հայաստանի կապի որակի և Հայաստանի կապի գնին համապատասխան կապ, ինչպես ինքն է խոստացել: «Հունվարի 1-ից կտրուկ լինելու է առաջին նվազեցումը, երկրորդը՝ հունիսի կամ հուլիսի 1-ից, իսկ 22 թվականի հունվարի 1-ից ունենալու ենք Հայաստանի գնին համապատասխանող կապ, անկախ նրանից նոր օպերատոր կլինի», թե չի լինի»,- ընդգծեց նա:
Նոր օպերատորների հետ կապված էլ Արցախի նախագահն ասաց, որ լուրջ առաջարկություն երբևէ չեն ունեցել և չեն էլ ունենալու, դրա համար նպատակն է գոնե առկա օպերատորի հետ գալ համաձայնության:










