Արցախում ընտանիքների հանդեպ բռնություններ և հետապնդումներ են տեղի ունենում. այդ ամենը կատարվում է Ձեր բարեկամների կողմից. լրագրողը՝ Արայիկ Հարությունյանին (տեսանյութ)
Հայտարարում եմ՝ այն պաշտոնյան, որը բռնություն է կիրառում իր ենթակայի նկատմամբ՝ աշխատանքից ազատվելու է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե այս օրերին ավելի հաճախ են սկսել հայտնվել տեղեկություններ ուժային կառույցների կողմից բռնությունների և խոշտանգումների վերաբերյալ:
Լրագրողի խոսքով՝ տեղեկություններ են տարածվում հետապնդումների մասին, թե՛ անձանց, թե՛ ընտանիքների նկատմամբ, և շատերը պնդում են, որ իրենց ֆիզիկական գոյությունը վտանգի տակ է և նրանք շոշափում են նախագահի անունը այս ամենի պատճառների շուրջ: Եվ ըստ նրա՝ սրանք «ֆանտաստիկ» ժողովրդավարական օրինակներ են, որոնք տեղի են ունեցել վերջին 100 օրերի ընթացքում:
Նախագահը խնդրեց, որ այս ամենի մասին պետք է կոնկրետ դեպքերով խոսել և չասել թե ինչեր են շոշափվում: «Այսօր ասեք՝ ում են հետապնդել»: Լրագրողը արձագանքեց, որ հետապնդվողը Քաշաթաղի շրջանից է, սակայն Հարությունյանը շեշտեց երբեք չի լսել ու չի տեսել, մինչդեռ լրագրողը նշեց՝ այդ մարդը, փաստորեն ճանաչում է նախագահին և կան փաստաթղթեր, որոնք կարող է տրամադրել:
Նախագահին այն խոսքին, թե մոռացեք այդ հետապնդման մասին, լրագրողը արձագանքեց. «Ո՞նց մոռանանք, եթե առնվազն իմ ընտանիքի հետ կապված՝ ինձ աշխատանքից հեռացրել են, կնոջս աշխատանքից հեռացրել են, քրոջս էլ համալսարանից են հեռացրել և դրանք կատարվել են Ձեր բարեկամների կողմից»:
«Ես եմ Ձեր ընտանիքին հետապնդե՞լ, դու էլ ես իմ բարեկամը»,-ասաց Հարությունյանը և հորդորեց պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել:










