Ճապոնացիների վերաբերյալ Զարեհ Սինանյանի հայտարարությունը դիտարկում ենք որպես անձնական դիրքորոշում․ Աննա Նաղդալյան (տեսանյութ)
Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայտարարությունը մենք դիտարկում ենք իր կողմից արված անձնական հայտարարություն։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին՝ Սինանյանը իր այն արտահայտության համար, որ ճապոնացիները կորեցիաների և չինացիների սինթեզ են, ԱԳՆ հրավիրվե՞լ է։
«Պարոն Սինանյանը հանդիսանում է ՀՀ կառավարության մաս, ինչպես ԱԳՆ-ն, ուստի առաջինը կոռեկտ չէ կառավարության մեկ անդամին հրավիրել մեկ այլ անդամի մոտ, դա ընդունված էլ չէ»,- ասաց նա:
Դիտարկմանն էլ՝ գուցե ՀՀ ԱԳՆ-ն դասընթացներ սկսի՝ մեր իշխանության ներկայացուցիչների համար, որ նրանց հայտարարությունները միջպետական սկանդալի պատճառ չդառնան, Նաղդալյանը պատասխանեց. «Կառավարության բոլոր անդամների միջև կա սերտ համագործակցություն տարբեր հարցերի շուրջ, իսկ ինչ վերաբերում է արտաքին հարցերին, կա ԱԳՆ կողմից շրջանառված և ընդունված վարչապետի որոշմամբ հատուկ փաստաթուղթ, որը վերաբերում է արտաքին քաղաքական ոլորտում փոխգործակցության աջակցությանը, որով ԱԳՆ-ն արտաքին քաղաքական ոլորտում աջակցություն է տրամադրում կառավարության բոլոր գերատեսչություններին: Նաև նշեմ, որ սերտ համագործակցություն կա ԱԺ-ի հետ և տարբեր խմբակցությունների և անհատ պատգամավորների հետ»::
Ճշտող հարցին էլ՝ այդ հայտարարությունից հետո որևէ զրույց եղե՞լ է Սինանյանի հետ, Նաղդալյանը պատասխանեց. «ԱԳ նախարարի և պարոն Սինանյանի շփումները և զրույցները ամենօրյա բնույթ են կրում, սակայն չգիտեմ՝ հատուկ անդրադարձ արվե՞լ է այդ հարցին, թե՝ ոչ»:










