«Բելառուսի տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման հարցը օրակարգում չէ». Պեսկով
Բելառուսի տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման հարցը օրակարգում չէ։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Հարցն օրակարգում չէ»,- ասել է նա՝ ի պատասխան Բելառուսում ՌԴ ռազմաբազայի տեղակայման հեռանկարների վերաբերյալ հարցին։
Մեկնաբանելով Բելառուսի պաշտպանության նախարարի այցը Ռուսաստան՝ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ են, ստեղծվել է երկու երկրների Միութենական պետություն, տարբեր ոլորտներում զարգանում են երկկողմ լայն հարաբերություններ։
«Ուստի կանոնավոր և ամենօրյա շփումներն իրականացվում են ամենատարբեր ոլորտներում»,- պարզաբանել է նա:
ՌԴ ռազմաբազաների տեղակայման մասին համաձայնագիրը Բելառուսում ուժի մեջ է մտել 1996 թվականի հունիսի 7-ին և, համապատասխանաբար, գործում է մինչև 2021 թվականի հունիսի 7-ը: Հանրապետության տարածքում գտնվում են ռուսական երկու ռազմական օբյեկտներ։
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացել էին նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում 80 տոկոս ձայնով 6-րդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, երկրում սկսվել են բողոքի ցույցեր: Ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները չեն ընդունում ընտրությունների արդյունքները և պահանջում են նոր ընտրությունների անցկացում:










