Բելգիական Վերվիե քաղաքի շատրվանի վերանորոգման ժամանակ առաջին քաղաքապետի՝ արկղում պահված սիրտն է հայտնաբերվել (լուսանկարներ)
Բելգիական Վերվիե քաղաքի շատրվաններից մեկի վերանորոգման ժամանակ բանվորներից մեկն արկղ է հայտնաբերել, որում առաջին քաղաքապետ Պիեռ Դավիդի սիրտն է եղել. արկղը շատրվանների մոտ տեղադրվել է 1883 թվականին, գրում է BBC-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ ցինկե արկղը կոնստրուկցիայի քարերից մեկի հետևում է տեղադրված եղել, իսկ սիրտը՝ արկղում՝ սպիրտով լի տարայի մեջ:
Քաղաքապետը մահացել է 1839 թվականին՝ 68 տարեկանում: Նրա սիրտը պահելու որոշումը քաղաքի բնակիչներն են կայացրել՝ փորձելով այդպես իրենց երախտագիտությունը հայտնել քաղաքապետին ու հավերժացնել նրա հիշատակը:
Ավելի ուշ քաղաքային իշխանությունները հիմնադրամ են հիմնել, իսկ վիրաբույժները, ընտանիքի անդամների թույլտվությամբ, պահել են սիրտը, որպեսզի առանձին հուղարկավորեն:
Նշվում է, որ քաղաքից տասնամյակներ է պահանջվել արժանի հուշարձան ստեղծելու նպատակով անհրաժեշտ գումարը հավաքելու համար:















