Համացանցում հուզիչ լուսանկարի հայտնվելուց հետո ԱՄՆ-ում բարեգործական կայքի միջոցով ավելի քան 130 000 դոլար է հավաքվել առցանց ուսուցման անցած երկու երեխայի Wi-Fi-ով ապահովելու համար (լուսանկար)
ԱՄՆ-ում առցանց բարեգործական կայքի միջոցով ավելի քան 130 000 դոլար է հավաքվել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ցածր եկամուտ ունեցող ընտանիքի` առցանց ուսուցման անցած երկու երեխայի աջակցության համար, գրում է Daily Mail պարբերականը:
Աղբյուրը մանրամասնում է, որ անցած շաբաթ ինսթագրամյան հարթակում մի լուսանկար էր տարածվել, որում երկու երեխա արագ սննդի կետերից մեկի մոտ նստած փորձում են օգտվել հաստատության անվճար Wi-Fi-ից ու ավարտին հասցնել տնային առաջադրանքը: Այս լուսանկարից հետո համացանցում շատերն իրենց մտահոգությունն են հայտնել նորմալ և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների «թվային բաժանման» վերաբերյալ:
Սալինաս քաղաքի տարրական դպրոցից հաստատել են, որ լուսանկարում պատկերված երեխաներն իրենց դպրոցի սաներն են, և տեղեկացրել են, որ իշխանություններն արդեն նրանց անլար կապի սարքեր են տրամադրել:
Ավելի ուշ Սալինասի Ջեքի Լոպես անունով մի քաղաքացի էլ, իր հերթին, GoFundMe կայքում ընտանիքի համար նվիրատվության էջ է բացել՝ նախնական 20 000 դոլար հավաքելու նպատակով:
Երեքշաբթի օրվա դրությամբ՝ նվիրատվությունների չափը հասել է 132 000 դոլարի:












