Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կուսակցության մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ Ժիրինովսկին բազմիցս հայտարարել էր առաջին պատվաստվողներից մեկը դառնալու պատրաստակամության մասին:
«Վլադիմիր Ժիրինովսկին աշխարհում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստվողներից է: ՌԼԴԿ-ի առաջնորդը Ռուսաստանի առողջապահության նախարարության Գամալեայի անվան կենտրոնի մշակած կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցումից հետո անցկացվող կլինիկական հետազոտությունների կամավոր մասնակից է դարձել»,- նշել են մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ բացի Ժիրինովսկուց՝ հետազոտությունների այս փուլում այս պատվաստանյութը Ռուսաստանի ևս 40 000 քաղաքացի կստանա:
«Պատվաստումը երկու փուլով է տեղի ունենում: Երկրորդ ներարկումն առաջինից երեք շաբաթ անց է կատարվում: Վլադիմիր Ժիրինովսկին պատվաստանյութի երկրորդ մասը սեպտեմբերի վերջին կստանա, որից հետո նրա առողջական վիճակը կես տարի բժիշկների հսկողության տակ կգտնվի»,- հավելել են մամուլի ծառայությունից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ ամիս կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Նշվում է, որ այն «Սպուտնիկ V» («Спутник V») անվանումն է ստացել՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվան նմանությամբ։










