Վարձավճարների վերաբերյալ շատ դժգոհություններ ենք լսել. համավարակով պայմանավորված` ԵՊՀ-ն ևս վնասներ է կրել, պետք չէ վարձավճարների բարձրացման վերաբերյալ բարոյական խրատներ տալ. Գ. Գևորգյան (տեսանյութ)

12:04 • 02.09.20

Համալսարանի վարձերի բարձրացման համար ասում են, որ շատ զեղչեր պետք է անենեք, մենք սա անում ենք, բայց երբ ասում են՝ զեղչ արեք, զեղչ արեք, սա նշանակում է նաև ծախս արեք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

Գևորգյանն առաջին հերթին ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել իր պաշտոնավարման ընթացքում և նշեց, որ տեղի է ունեցել ընդունելության թվերի իրատեսական պլանավորման և վարձավճարների փոփոխման գործընթաց:

«Իրատեսական պլանավորումը նրա համար է, որ շատ վիրավորական է, երբ սեպտեմբերի 1-ին մամուլը գրում է, թե 400 թափուր տեղ է մնացել, այդպես էր լինում, որովհետև հայտարարվում էին տեղեր, որտեղ նախօրոք գիտեինք, որ այդքան դիմորդ չի լինելու: Մենք իջեցրել ենք թվերը, որպեսզի համեմատաբար որակյալ ընդունելություն ունենանք»,- ասաց նա և հավելեց, որ այդ որոշումը արդյունավետ է եղել:

Համալսարանում վարձավճարների մասով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ միաձայն որոշվել է, որ վարձաչափերն ավելանալու են: Նա չհերքեց, որ ունեցել է մտավախություն, որ բարձր վարձավճարներով գուցե դիմորդներ չլինեն, սակայն հակառակ պատկեր է տեսել, և ամենաշատ դիմումները եղել են ամենաբարձր վարձավճարով բաժիններում:

«Վարձավճարների բարձրացման վերաբերյալ շատ դժգոհություններ ենք լսել, բայց մեր բոլոր մասնագիտությունների գծով այլ առաջարկներ կան, բայց եթե ընտրել են այս տարբերակը, ուրեմն դա իրենց ձեռք է տալիս»,- ասաց Գևորգյանը:

Դիտարկմանը, թե գուցե բարոյական առումով այս իրավիճակում ճիշտ չէ վարձավճարների բարձրացումը, Գևորգյանն արձագանքեց, որ դա վերաբերվում է միայն առաջին կուրսեցիներին և հորդորեց՝ բարոյական խրատներ չտալ և խոսել միայն օրենքներից և փաստերից: Նա ասաց, որ համալսարանը ևս կորուստներ է ունեցել` համավարակի հետ կապված. 180 միլիոն դրամ չստացած գումարներ, որոնք, օրինակ, ուսման վարձերի պարտքեր են, մոտ 40 միլիոն դրամ զեղչ են արել այս կիսամյակում, Ծաղկաձորի բազան չի աշխատել և այլն:

Հարցին, թե արդյոք Գեղամ Գևորգյանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար  ընտրվելու ժամանակ, երբ չէր կարելի համատեղել հիմնադրամի կառավարչի և «Էվոկա բանկի» խորհրդի փոխնախագահի պաշտոնները, արդյոք տեղյակ էր, որ ընտրվելիս օրենք էր խախտում, Գևորգյանը պատասխանեց՝ որևէ մեկը տեղյակ չէր, քանի որ համալսարանն ավելի վաղ չի առարկել բանկի խորհրդի անդամ լինելու փաստը, իսկ այս դեպքում արդեն հոգաբարձուների խորհուրդը պետք է իմանար, թե ում է ընտրում:

Հարցին, թե արդյոք այս ընթացքում Գեղամ Գևորգյանն իր որոշումները համաձայնեցրել է իշխանության հետ և արդյոք կրկին կարո՞ղ է ռեկտորի պաշտոնում ընտրվել, նա պատասխանեց. «Ես այս ամբողջ ընթացքում նախարարին այդքան էլ շատ չեմ տեսել, եթե ես մեծ ցանկություն ունենայի իմ քայլերը նախարարության հետ համաձայնեցնել, ապա նախարարն այդքան ժամանակ չէր ունենա: Եվ եթե ես չեմ դիմելու ռեկտորի պաշտոնի համար, ո՞նց կարող եմ ընտրվել ռեկտոր»:

Մանրամասները՝ տեսանյութում: