Մինսկի կորած բնակչի մարմինը գտել են ուժայինների հետ բախման վայրի մոտակայքում
Օգոստոսի 11-ին Մինսկի անհետ կորած բնակիչ Ալեքսանդր Բուդնիցկիի մարմինը հայտնաբերել են Մինսկի «Ռիգա» առևտրի կենտրոնի մոտակայքում, որտեղ բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև: Այս մասին տեղեկացնում է Tut.by կայքը` հղում տալով Բուդնիցկիի ծանոթներին և գործընկերներին:
Նրա ծանոթների խոսքերով` 52-ամյա Բուդնիցկին աշխատում էր Մինսկի գործարաններից մեկում և ապրում էր Բուսաբանական փողոցում գտնվող հանրակացարանում: Նա համեստ կյանք էր վարում «տուն-աշխատանք-տուն» սկզբունքով, այդ իսկ պատճառով նրա անհետանալուց հետո գործընկերները տագնապ էին բարձրացրել և դիմել էին ոստիկանություն:
«Ալեքսանդրի հետ մենք նույն սենյակում էինք ապրում, օգոստոսի 10-ին ես ուշ վերադարձա, նա արդեն քնում էր, բայց մինչ այդ հարցրեց. «Այդ որտեղի՞ց ես գալիս, Պավլովիչ»: Եվ վերջ: Առավոտյան գնացի առաջին հերթափոխի, Ալեքսանդրը դեռ քնած էր, աշխատանքից վերադարձա, իսկ Ալեքսանդրը չկար: Մի գիշեր, երկու... Առաջ նա չէր կորում, իսկ եթե որևէ տեղ էր գնում, ինձ զանգահարում էր, որ չանհանգստանամ»,-պատմել է Ալեքսանդրի սենյակակից Գենադին:
Գենադին և ևս մեկ հարևան՝ Սերգեյը, օգոստոսի 19-ին գնացել են ոստիկանական բաժանմունք և ընկերոջ անհետացման մասին հաղորդում տվել:
Աղբյուրը նշում է, որ տղամարդիկ դեռևս Ալեքսանդրի անհետանալու առաջին օրերին փորձում էին զանգահարել նրան, երկար զանգեր էին գնում, բայց պատասխանող չկար, իսկ հետո համարը ռադիոծածկույթից դուրս է եղել:
Մինսկի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Եկատերինա Գարլինսկայան կայքի հետ զրույցում տեղեկացրել է, որ Բուդնիցկիի մարմինը հայտնաբերել են օգոստոսի 11-ին, «Ռիգա» առևտրի կենտրոնի մոտակայքում: Ականատեսների խոսքերով` նա հարբած է եղել, ծխախոտ է խնդրել, ինչից հետո իրեն վատ է զգացել և ընկել է:
«Տղամարդն իր մոտ փաստաթղթեր է ունեցել, դրա շնորհիվ էլ անձի ինքնությունը միանգամից պարզվել է: Դատաբժշկական փորձաքննության տվյալներով՝ մահվան պատճառն էթիլ սպիրտից սուր թունավորումն է եղել: Ստուգումներ են անցկացվում»,-ասել է Գարլինսկայան:
Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ոստիկանների հետ բախումների ընթացքում, տարբեր աղբյուրների հաղորդմամբ, զոհվել է 3-5 մարդ:










