300 կարիքավոր սիրիահայ ընտանիք ՀՀ կառավարությունից ստացել է ֆինանսական աջակցություն, ևս 4750 ընտանիք կստանա մոտ օրերս. Աննա Նաղդալյան (տեսանյութ)
Հրավիրված մամուլի ասուլիսին ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն առաջին հերթին շնորհավորեց Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ՝ նշելով, որ այս տարիների ընթացքում Արցախը ապացուցել է իր կարողությունը` կազմակերպելու երկրի հասարակական-քաղաքական կյանքը, ապահովելու իր բնակչության անվտանգությունը, ինչպես նաև ստանձնելու միջազգային պարտավորություններ՝ հատկապես ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջ մղման ուղղությամբ:
Ապա Նաղդալյանը նշեց, որ Հայաստանի կառավարության կողմից Սիրիայում կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրվել է ֆինանսական օգնություն 100 հազար ԱՄՆ դոլարի չափով, որը տրամադրվել է ԱԳՆ բյուջետային խնայողություններից: «Արդեն այդ ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է ստացել 300 սիրիահայ կարիքավոր ընտանիք Դամասկոսում և արվարձաններում, մոտ օրերս այդ ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի ևս 4750 սիրիահայ ընտանիքի»,- տեղեկացրեց նա:
Նաղդալյանն այնուհետև անդրադարձավ համավարակով պայմանավորված երկիր մուտքի հետ կապված սահմանափակումներին: Նա նշեց, որ միայն ցամաքային ճանապարհով ՀՀ քաղաքացիների ելքի արգելքն է գործում և օտարերկրացիների մուտքի արգելքը: ՀՀ քաղաքացիների համար օդային սահմաններով արգելք չի գործում, իսկ ՀՀ տարածքից դուրս մեկնելու սահամանփակումները արդեն կապված են տվյալ երկրում կորոնավիրոսով պայմանավորված սահմանափակումներով:
Աննա Նաղդալյանն անդրադարձավ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներին և հղում կատարեց ՌԴ կառավարության մարտի 16-ի կարգադրությանը, որով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների կատեգորիաները, որոնք կորանավիրուսի դեմ պայքարի սահամանփակումների շրջանակում կարող են այցելել ՌԴ դաշնություն: «Դրանք ենք՝ ՌԴ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, խնամակալները, հարազատության աստիճանը վկայող փաստաթղթի ներկայացման դեպքում, բուժման նպատակով ՌԴ մեկնող քաղաքացիները՝ անձը հաստատող փաստաթղթի և ՌԴ-ում բուժհիմնարկի կողմից հրավերի դեպքում օտարերկրյա քաղաքացիները: ՀՀ կառավարությունը շարունակում է ռուսական կողմի հետ աշխատանքներ տանել ինչպես կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու, այնպես էլ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման կամ չեղարկման կապակցությամբ: Այս առումով աշխատանքները շարունակվում են, այս պահի դրությամբ հստակ ժամանակ չեմ կարող նշել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Չինաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին, ԱԳՆ խոսնակը նշեց, որ Չինաստան մեր քաղաքացիները կարող են մեկնել, եթե ունեն 3 օր առաջ արված կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք, թեստը պետք է արվի Հայաստանում Չինաստանի դեսպանատան կողմից նշված հիվանդանոցներում և լաբորատորիաներում:










