Գերմանացի բժիշկները հայտարարել են, որ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» խմբի նյութով
Բունդեսվերի (Գերմանայի Զինված ուժեր) լաբորատորիայի մասնագետները հայտարարել են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են նյարդակաթվածահար ազդեցության «Նովիչոկ» խմբին պատկանող ռազմական նյութով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտին:
«Հավաստի ապացույց է ստացվել «Նովիչոկ» խմբին պատկանող ռազմական քիմիական նյութի առկայության մասին»,- ասվում է Զայբերտի թվիթերյան հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը կտեղեկացնի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին հիվանդի հետազոտությունների հիման վրա անցկացվող թունաբանական փորձաքննության արդյունքների մասին, որպեսզի «ընդհանուր արձագանք մշակվի»: Բացի այդ, Բեռլինը մտադիր է կապ հաստատել Քիմիական զենքն արգելող կազմակերպության հետ:
Նշվում է, որ կանցլեր Անգելա Մերկելը, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը, ԱԳ նախարար Հայկո Մաասը և կառավարության մյուս անդամներն արդեն խորհրդակցություն են անցկացրել Նավալնիի հետ կապված թեմայով և համաձայնեցրել են հետագա քայլերը:
Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:
Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին:










