Նեթանյահուն հայտարարել է Իսրայելից ԱՄԷ ուղիղ չվերթներ սկսելու մասին

17:23 • 02.09.20

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի և այլ երկրների ինքնաթիռները կարող են Իսրայելից ուղիղ չվերթներ կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունն ի պատասխան էմիրությունների իշխանությունների խնդրանքին բացել էր օդային տարածքը դեպի Իսրայել և Իսրայելից եկող ինքնաթիռների համար, թույլ էր տվել բոլոր երկրների ինքնաթիռներին չվերթներ կատարել ԱՄԷ:

«Այժմ ևս մեկ հսկայական առաջընթաց: Իսրայելական և բոլոր մյուս երկրների ինքնաթիռները կարող են ուղիղ թռիչքներ կատարել Իսրայելից Աբու Դաբի, Դուբայ և հակառակ ուղղություններով»,-հայտարարել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետը նշել է, որ այս որոշումը կէժանացնի չվերթները, կկրճատի ժամանակը և կզարգացնի զբոսաշրջությունը:

Առաջին պատմական չվերթն Իսրայելի և ԱՄԷ-ի միջև Իսրայելի և ԱՄՆ-ի կառավարական պատվիրակություններով տեղի է ունեցել երկուշաբթի` Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու շուրջ: Իսրայելը, որպես արդյունք, կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը: Մինչ այս պահը Իսրայելը դիվանագիտական հարաբերություն չէր հաստատել Պարսից ծոցի արաբական երկրներից որևէ մեկի հետ: