«Նոյ» թաղամասի բնակիչները հայց են ներկայացրել դատարան, որով ցանկանում են վիճարկել քաղաքապետարանի՝ «Լույսեր» ՓԲ ընկերությանը տրամադրած շինթույլտվությունը. փաստաբան (տեսանյութ)
Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում՝ Նոյ ցածրահարկ առանձնատների թաղամասի կենտրոնական մասում, Երևանի քաղաքապետարանը բնակելի համալիրի մեկ մասնաշենքի հիմքերի կառուցման թույլտվություն է տրամադրել «Լույսեր» ՓԲ ընկերությանը:
Այս մասին Tert․am-ի հետ զրույցում պատմեց Նոյ թաղամասի սեփականատերերի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը, որի խոսքով՝ նման շինթույլտվություն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ: Ըստ նրա՝ վերոնշյալ տարածքում չորս բարձրահարկ շենքերի համալիրի կառուցապատման համար քաղաքապետարանի կողմից տրամադրվել է միայն մեկի հիմքերի կառուցման շինթույլտվությունը, որի նմանը, որը ըստ փաստաբանի, ՀՀ օրենսդրությամբ գոյություն չունի։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «ԼՈՒՅՍԵՐ» ՓԲ ընկերությանը 2019թ. տրամադրված նախագծման թույլտվության համար հիմք են հանդիսացել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և «ԱՐՏԱԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության դրական փորձաքննական եզրակացությունները։
Տիգրան Աթանեսյանն, ի պատասխան սրան, նշում է, որ շինարարության թույլտվություն տալու համար անհրաժեշտ էր իրականացնել հանրային լսումներ և համալիր պետական փորձաքննություն, պետք է անհատապես լսվեին և հաշվի առնվեին շահագրգիռ կողմերի կարծիքները, ինչը, Աթանեսյանի պնդմամբ՝ տեղի չի ունեցել:
Սրա վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից որոշակի պատասխան չեն տալիս․ հղում են անում 2012 թվականի մարտի 16-ի 405-Ն որոշման դրույթներին, որում նշվում է, որ նախքան կառուցապատումը օբյեկտի շինարարական հրապարակին կից՝ տեսանելի վայրում, Կառուցապատողը պետք է փակցնի տվյալ օբյեկտի շինարարական աշխատանքներին վերաբերող ցուցատախտակ, որը պետք է պարունակի տեղեկատվություն կառուցապատման օբյեկտի վերջնական տեսքը նկարագրող գունավոր էսքիզային պատկեր, ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման համարը և ամսաթիվը, կառուցապատման օբյեկտի մակերեսը, հարկայնությունը և նպատակային նշանակությունը և կառուցվող շենքին առնչվող այլ ինֆորմացիա:
Սակայն ըստ Նոյ թաղամասի բնակիչների ներկայացուցիչներից Արթուր Մարտիրոսյանի՝ քաղաքապետարանի այս հղումը տեղին չէ, քանի որ ավագանու նշված որոշումը բացառապես վերաբերում է շինթույլտվություն տալուց հետո շինհրապարակի կահավորմանը, մինչդեռ ըստ քաղաքաշինության օրենսդրության, շահագրգիռ կողմերին պետք է պատշաճ ներկայացվեր նախագիծն ու լսեին նրանց առարկություններն ու առաջարկները, ինչը չի արվել։
Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ այս պահին քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվության հարցը վարչական դատարանում վիճարկման փուլում է, սակայն, ինչպես տեղեկանում ենք ընկերության կայքից, դեռևս չկառուցված բնակելի համալիրի բնակարանների վաճառքը մեկնարկել է, ինչի վերաբերյալ Մարտիրոսյանի խոսքով՝ դիմել են իրավապահ մարմիներին՝ խնդրելով, որ այդ հարցին քրեաիրավական տեսանկյունից գնահատական տրվի, սակայն որևէ պատասխան չեն ստացել։
Փաստաբան Արթուր Մարտիրոսյանը մատնանշում է ևս մեկ հարց, որն, ըստ իրեն, դարձյալ խախտում է։ Ասում է՝ Կադաստրի պետական կոմիտեում «Լույսեր» ՓԲ ընկերությանը պատկանող հողամասի վրա սեփականության գրանցման վկայականում հողամասի հողատեսքը նշված է խառը կառուցապատում, մինչդեռ նման ծավալի շինարարություն իրականացնելու համար դրա նշանակությունը պետք է լիներ բնակելի կառուցապատում։ Նա Tert․am-ին ներկայացրեց Նոյ թաղամասի սեփականատերերից մեկի 2019 թվականի դիմումը՝ ուղղված քաղաքապետարանին, որում վերջինս իր մտահոգություն է հայտնում իր տան անմիջական հարևանությամբ ծրագրվող բազմաբնակարան բնակելի շենքերի համալիրի կառուցապատման վերաբերյալ, որը ենթադրում է իր տան հարևանությամբ տասնութհարկանի բազմաբնակարան բնակելի շենքերի համալիրի կառուցման աշխատանքների կատարում, ապա բնակիչը խնդրում է քաղաքապետի անձնական միջամտությունն ու ներգործությունը ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քաղաքաշինական օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքներն ու շահերն անօրինական միջամտությունից պաշտպանելու համար: Ի պատասխան այս դիմումին՝ Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, որ քաղաքապետարանի կողմից՝ վերոնշյալ հասցեում, քաղաքաշինական գործունեության իրականացման նպատակով որևէ քաղաքաշինական փաստաթուղթ չի տրամադրվել։
Մարտիրոսյանը պնդում է՝ քաղաքապետարանում պաշտոնատար անձինք թույլ են տվել պաշտոնեական դիրքի չարաշահում։ Սրա վերաբերյալ իրենք ահազանգել են թե՛ քաղաքապետարանին, թե՛ իրավապահ մարմիներին, որին, սակայն, ընթացք այդպես չի տրվել։ Նոյ թաղամասի սեփականատերերի անունից արդեն հայցադիմում է ներկայացվել դատարան, որով վիճարկվում է «Լույսեր» ՓԲ ընկերությանը տրամամադրած հիմքերի շինթույլտվությունը՝ նախնական դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերին։










