Ֆրանցիսկոս պապը մարտից ի վեր առաջին անգամ հանրային ելույթ է ունեցել լսարանի առաջ

20:57 • 02.09.20

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների ընդունումից հետո առաջին անգամ հանրային ելույթ է ունեցել՝ իր խոսքն ուղղելով Լիբանանի ժողովրդին օգոստոսի 4-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, մարտից ի վեր սրբազան քահանայապետը չորեքշաբթի օրերին իր ավանդական ուղերձն առցանց ռեժիմով է հղել հավատացյալներին:

«Լիբանանի ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգություններից հետո մենք քաջատեղյակ ենք այն ծայրահեղ վտանգի մասին, որը սպառնում է երկրի գոյությանը: Լիբանանը չպետք է միայնակ մնա այդ խնդրի հետ»,- ասել է Հռոմի պապը:

Ֆրանցիսկոս պապը նաև համերաշխության կոչ է արել «Քովիդ-19»-ի դեմ պայքարում: «Ներկայիս համավարակն ընդգծել է մեր կախվածությունը միմյանցից. մենք բոլորս կապված ենք իրար: Հետևաբար, այս ճգնաժամից հաղթանակած դուրս գալու համար պետք է միասին գործենք, համերաշխությամբ»,- հավելել է քահանայապետը:

Միջոցառմանը ներկա հավատացյալներն ու որոշ քահանաներ դիմակներով են եղել: