Նախկինում ավելի շատ խոսում էին ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին և հետո միայն անվտանգության, իսկ հիմա գլխավորն Արցախի անվտանգությունն է. Արայիկ Հարությունյան

17:34 • 02.09.20

2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին բազմաթիվ անօդաչու սարքերից մեկը հաջողվել է խոցել: Այլ մեկնաբանությունների ես չեմ ուզում անդրադառնալ, մեկնաբանությունը հստակ է՝ այստեղ նստած ցանկացած ստեփանակերտցու հարցրեք, թե ապրիլին Ստեփանակերտի գլխին քանի՞ անօդաչու սարք էին տեսնում, մի հատ չէր, որ խփել ենք, վերջացել է. այսօր Արցախում ընթացող ասուլիսի ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ Ապրիլյան պատերազմի մասին խոսելիս ինքն ասել է, թե Ստեփանակերտի օդը նախկինում անպաշտպան չէր, մինչդեռ ՀՀ երրորդ  նախագահ Սերժ Սարգսյանն իր ասուլիսի ժամանակ ասել է, որ որևէ թռչող սարք Ստեփանակերտի օդ մուտք չի գործել:

Անդրադառնալով լրագրողի հաջորդ հարցին, թե Արցախի անվտանգության խորհրդի նախագահ Սամվել Բաբայանն ասել է, որ Հայաստանի նախորդ իշխանությունների ժամանակ, երբ բանակցում էին ԼՂ-ի հարցի շուրջ, Հայաստանի իշխանությունը համաձայնել է երեք շրջան հանձնել, հետո երկու շրջան, և Հայաստանը Ղարաբաղի հետ միջանցքներ կապել, և խաղաղապահները պետք է պաշտպանեին այդ շրջանները, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ այդ մասին միայն Սամվել Բաբայանը չի խոսել, Մադրիդյան սկզբունքների հետ կապված փաստաթուղթը հրապարակվել է տարբեր մարդկանց կողմից։

«Մադրիդյան սկզբունքներում կար հստակ երկու առաջարկություն՝ հինգ շրջան անորոշ կարգավիճակով, ոչ թե հանրաքվեով, ավելի թույլ տարբերակով, և հետագայում քննարկում է եղել 7 շրջանի մասին  և ինչ-որ միջանցք և Ղարաբաղի անկախության  ճանաչում, բայց ոչ Ադրբեջանի կողմից: Բայց ճանաչում, կամ ոչ ճանաչում, ինձ համար կարևոր չէ, կարևորը մեր անվտանգությունն է իսկ նման պարագայում անվտանգությունն ավելի խոցելի է դառնում, այդ առումով մենք չենք քննարկում որևէ տարբերակ, որ կարող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը: Նախկինում ավելի շատ խոսում էին ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին և հետո միայն անվտանգության հարցը, իսկ հիմա ոչ, գլխավորը անվտանգությունն է»:

Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ եթե անվտանգության մի փոքր թուլացում լինի, անկախ ինքնորոշման ճանաչման մակարդակից, ունենալու ենք Արցախի վերջը, քանզի «մենք գիտենք մեր թշնամին ով է, և թշնամու վարքագծից հուլիսյան տավուշյան դեպքերը հուշում են, որ որևէ միջազգային նորմ, կանոն գոյություն չունի»։

«Այն դիրքերը, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողություններ, եղել է ՀՀ տարածքը, իսկ այն, ինչ տեսնում ենք այսօր Նախիջևանում, Թուրքիայի արդեն իսկ ոչ միայն միջամտությունը, այլ Ադրբեջանում նրա ներկայությունը հուշում է, որ մեզ համար կարևորը անվտանգությունն է, և ողջունում եմ աշխարհազորի մասին օրենքի այդ քննարկումները»,– ասաց նա:

Լրագրողը հարցը կրկին հստակեցրեց. նախկինում քննարկվում էր երկո՞ւ տարբերակ՝ առաջինում հայկական կողմը 5 շրջան է հանձնում Ադրբեջանին և երկրորդով՝ 7 շրջա՞ն, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ Մադրիդյան սկզբունքներին ծանոթ է եղել այդ տարբերակով, ի պաշտոնե, այն ժամանակ իրեն չեն ներկայացրել, սակայն քննարկվող նյութերում փաստաթղթային տարբերակներում, այդպես է եղել, դա գաղտնիք չէ: Այդ մասին հայտարարել է նաև Սերժ Սարգսյանը, որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և դա էլ պետք է ֆիքսել։