64,7 մլն դոլար. Թրամփի նախընտրական շտաբը համացանցային գովազդի վրա ծախսած գումարով ռեկորդ է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի՝ համացանցային գովազդի համար արած ծախսերը գերազանցել են ռեկորդային 64,7 միլիոն դոլարը, այս մասին վկայում են Google Transparency Report կայքում երեքշաբթի հրապարակված տվյալները:
Նշվում է, որ Թրամփի թիմը Google, YouTube և այլ հարթակներում քաղաքական գովազդների վրա ծախսած գումարով գերազանցել է անգամ Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու դառնալ ցանկացող, Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգի այդ նպատակով արված ծախսերը:
Այսպես, 2018 թվականի մայիսի 31-ից գործող նախագահի հանձնաժողովը և շտաբը ծախսել են, համապատասխանաբար, 37,23 և 27,49 միլիոն դոլար, ինչն ընդհանուր կազմում է 64,7 միլիոն դոլար. սա ավելի է Բլումբերգի՝ 2020 թվականին ծախսած գումարից (62,19 միլիոն դոլար):
Միևնույն ժամանակ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի թիմն այդ նույն հարթակներում գրեթե երկու անգամ քիչ՝ 32,58 մլն դոլար է ծախսել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 3-ին: Հիմնական մրցակիցներ են համարվում Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը:










