Տղերք, ձեզ ի՞նչ պատահեց. փորձում եք Նիկոլի անփառունակ քաղաքականության սխալնե՞րը կոծկել․ Աշոտյանը՝ Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ ԱՀ նախագահի և ԱԳ նախարարի իրարամերժ հայտարարությունների մասին

19:37 • 03.09.20

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի նախագահի և ԱԳ նախարարի արած հայտարարություներին։

«Արայիկ Հարությունյան (Արցախ նախագահ), 02.09.2020՝ «Արցախի անկախության ճանաչումը կամ չճանաչումն ինձ համար կարևոր չէ»:

Մասիս Մայիլյան (Արցախի ԱԳՆ), 03.09.2020՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը մեր թիվ 1 առաջնահերթությունն է»»,- մեջբերել է Աշոտյանը և անդրադարձել վերջինների՝ բանակցությունների վերաբերյալ հայտարարություններին․

«Մեկն ասում է՝ եկեք պատրաստվենք պատերազմի, բանակցություններ չեն լինելու: Մյուս ասում է՝ 1997-ից հետո բանակցություններ չեն եղել:

Տղերք, ձեզ ի՞նչ պատահեց: Իրար հետ չե՞ք խոսում այս հարցերով: Որոշել եք մեզ բոլորիս խելագառությա՞ն հասցնել: Նիկոլի անփառունակ քաղաքականության սխալնե՞րն եք փորձում կոծկել: Ի՞նչ գնով: Արցախի՞:

Հայաստանի վարչապետն ու ԱԳՆ-ն հերիք չէին, հիմա էլ դուք եք այս խառը աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախի հարցով շիլաշփոթի խահարարները դարձել:

Հասկացանք, որ առաջին քրիստոնյա երկիրն ենք, բայց կլինի՞ գոնե Արցախի հարցում աջ ձեռքն իմանա, թե ձախն ինչ է անում»,- գրել է Աշոտյանը։

Նշենք, որ երեկ Արցախում կայացած ասուլիսի ընթացքում Արցախի նախագահը հայտարարել է, որ Արցախի անկախության ճանաչումը կամ չճանաչումն իրեն համար կարևոր չէ, իսկ այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի միջազգային ճանաչումը պետության արտաքին քաղաքականության թիվ 1 առաջնահերթությունն է։