«Դո՛ւրս արի Twitter-ից և կենտրոնացի՛ր դպրոցների անվտանգ վերաբացման խնդրի վրա». Բայդենը դիմել է Թրամփին

16:49 • 03.09.20

ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը գործող նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել «դուրս գալ Twitter-ից» և կենտրոնանալ կորոնավիրուսի համավարակի պայմաններում դպրոցներն անվտանգ վերաբացելու խնդրի վրա, գրում է The Guardian-ը։

Ելույթ ունենալով Դելավեր նահանգի իր հայրենի Ուիլմինգթոն քաղաքում՝ Բայդենը դպրոցների հետ կապված իրավիճակը որակել է «ազգային արտակարգ իրավիճակ»։

«Պարոն նախագահ, որտե՞ղ եք դուք: Ինչո՞ւ չեք աշխատում այդ խնդրի վրա: Մեր դպրոցները շտապ ֆինանսավորում ստանալու կարիք ունեն։ Պարոն նախագահ, սա ձեր աշխատանքն է»,- հայտարարել նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը հասարակության շրջանում «վախ ու պառակտում մտցնելու փոխարեն» պետք է ապահովեր ամերիկացի երեխաների անվտանգ վերադարձը դպրոց։

«Դո՛ւրս արի Twitter-ից և խոսի՛ր Կոնգրեսում երկու կուսակցությունների առաջնորդների հետ: Հրավիրի՛ր նրանց Օվալաձև սենյակ։ Դու միշտ խոսում ես բանակցություններ վարելու ունակությանդ մասին»,- ասել է նախագահի պաշտոնի հավակնորդը։

Պարբերականը նշում է, որ այս շաբաթ՝ ԱՄՆ-ում համաճարակի սկսվելուց ավելի քան վեց ամիս անց միլիոնավոր երեխաներ չեն կարողացել հաճախել դպրոց և անցել են առցանց ուսուցման, ինչը կարող է մեծ խոչնդոտ լինել աշխատող ծնողների համար։