Մահվան ելքով վթարի մեղավոր դարձած Միխայիլ Եֆրեմովը դատարանում ընդունել է մեղքը․ մեղադրող կողմը 11 տարվա ազատազրկում է պահանջել
Մոսկվայում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր դարձած դերասան Միխայիլ Եֆրեմովը դատարանում հայտարարել է, որ ընդունում է իր մեղքը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ձերդ Գերազանցություն, ցանկանում եմ հայտարարությամբ հանդես գալ։ Ես արդեն մի քանի գիշեր է՝ չեմ քնել, որոշել եմ, որ ընդունում եմ իմ մեղքը»,- հայտարարել է դերասանը։
Դատախազության ներկայացուցիչը, իր հերթին, ապացուցված է համարել Միխայիլ Եֆրեմովի մեղքը։
«Կարծում եմ, որ հանցագործության մեջ Եֆրեմովի մեղքը հաստատվում է տեսանյութերով, փորձաքննություններով, վկաների ցուցմունքներով և այլ ապացույցներով»,-ասել է նա։
Դատախազի խոսքով՝ Եֆրեմովը ալկոհոլ է օգտագործել վթարից մեկ օր առաջ, վթարից առաջ նա եղել է Ulyss բարում։
«Տաքսի կամ սթափ վարորդ կանչելու փոխարեն նա նստել է իր մեքենան և ուղևորվել Մոսկվա», - ընդգծել է մեղադրող կողմի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ դերասանը նաև թույլ է տվել ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտումներ, այդ թվում՝ գերազանցել է արագությունը։
Մեղադրող կողմը նաև պահանջել է Եֆրեմովին ընդհանուր ռեժիմի գաղութում 11 տարվա ազատազրկման դատապարտել։
«Խնդրում եմ ընդհանուր ռեժիմի գաղութում Եֆրեմովի համար 11 տարվա ազատազրկում սահմանել»,- հայտարարել է մեղադրող կողմը։
Հիշեցնենք, որ Եֆեմովի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հունիսի 8-ին՝ Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում: Դերասանի վարած Jeep Grand Cherokee ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել Lada մակնիշի մեքենային: Վթարի հետևանքով Lada-ի վարորդը մահացել է։
Ավելի ուշ դեպքի առիթով դերասանի դեմ քրեական գործ է հարուցվել։










