Մասնակցել եմ հեղափոխությանն այն հույսով, որ ավելի լավ է լինելու, բայց փոքր-ինչ հիասթափված եմ կառավարությունից և կայացրած որոշումներից, քանի որ ես այսօր թիրախավորվել եմ․ գործարար (տեսանյութ)
Երկար էինք սպասում պարետի որոշմանը, որպեսզի սկսենք աշխատել, քանի որ արդեն տևական ժամանակ է՝ ակումբները փակ էին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պապարացի» ակումբի և «Վերև» ռեստորանի հիմնադիր Շանթ Գոչեանը։
Նրա խոսքով, մեկ ամիս առաջ տեղեկացան պարետի որոշման մասին և պատրաստվեցին աշխատանքին։
«Իմացանք, որ մինչև 40 հոգի կարող է լինել ակումբում, որոշումը հիմք հանդսացավ, որպեսզի վերաբացվենք։ Նաև տեսա, որ իմ կոլեգաները, ոլորտում նույն գործունեությունն իրականացնող մարդիկ նույնպես պատրաստվում են վերաբացել իրենց ակումբերը։
Բացվելուց հետո յուրաքանչյուր հաճախորդի ջերմաչափել ենք, սրահում պահպանվում են պարետի որոշումները՝ սոցիալական հեռավորությունը, ախտահանիչ նյութերի առկայությունը, մուտքը եղել է դիմակով։ Մեր մոտ հաշվիչ է միացրած և 40 հոգուց ավելի մարդու արդեն ներս չենք թողնում»,- պատմեց գործարարը։
Նրա խոսքով՝ վերաբացվելուց հետո 2 անգամ 100 հազար դրամով տուգանվել են։ Առաջինը մայիսին էր, իբրև թե աղմուկի համար, երկրորդ անգամն օգոստոսին էր, արդեն՝ համավարակի պայմանները խախտելու։
«Իրավապահների երկրորդ այցելությունը շատ հետաքրքիր էր։ Ոստիկանության մեքենան եկավ շենքի առջև և կարծես թե ուղղորդված ներս մտան, ոչ աջ, ոչ ձախ, ոչ էլ այլ շենք, միանգամից մեզ մոտ՝ պատճառաբանելով, որ մենք խախտել ենք պարետի որոշումը»,- ասաց Շանթ Գոչեանը։
Նա ասաց, որ չի կարդացել, թե ինչու են տուգանում, քանի որ իր խոսքով փոքր ինչ նյարդայնացած էր։ Տևական դադարից հետո կրկին սկսել էին աշխատել, ու միանգամից 2 անգամ տուգանեցին։
Դիտարկմանը, արդյոք միտումնավոր քայլ տեսնում է, գործարարը պատասխանեց, որ 2 տարբեր կարծիք ունի։
«Չեմ կարծում, որ ինչ-որ մեկն ուզում է ինձ նպատակաուղղված վատություն անել, բայց մյուս կողմից էլ, որ նայում եմ կողմնակի աչքով, էդպես է երևում։ Ընկերներս, որոնք այս նույն ոլորտում են աշխատում, իրենք էլ են հարցնում, թե ինչու միայն ինձ մոտ են գալիս ոստիկանները։ Սկսում եմ մտածել, հնարավո՞ր է, որ սփյուռքահայ եմ, դրա համար են թիրախավորել, բայց չեմ ուզում այդպես մտածել, քանի որ արդեն 7 տարի է Երևանում եմ ապրում ու Հայաստանի քաղաքացի եմ»,- ասաց Շանթ Գոչեանը։
Նրա խոսքով, իր հիմնադրած ժամանցի վայրի հարակից տարածքում կան այլ ժամանցի վայրեր ևս, սակայն իրեն կարծես թե թիրախավորել են, քանի որ իր իմանալով, նույն ոլորտում միայն ինքն է ենթարկվել վարչական պատասխանատվության։
«2 տարի առաջ ակտիվ մասնակցել եմ հեղափոխությանը, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում այլևս այդքան էլ ակտիվ հարաբերություներ չունեմ ներկա կառավարության որոշ ներկայացուցիչների հետ։ Մասնակցել եմ հեղափոխությանը, հույս ունենալով, որ ավելի լավ է լինելու, բայց փոքր-ինչ հիասթափված եմ կառավարությունից և նրա կայացրած որոշումներից։ Գուցե դա էլ նշանակություն ունի, որ այսօր թիրախավորվել եմ»,- ասաց Շանթ Գոչեանը։
Մանրամասները՝ տեսանյութում










