Հնդկաստանն անվտանգության նկատառումներով արգելել է չինական ևս 118 հավելվածի կիրառումը
Հնդկաստանի իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելել են չինական ևս 118 հավելվածի կիրառումը, ինչը պայմանավորված է երկու պետությունների՝ Հիմալայներով անցնող սահմանին լարվածության աճով, գրում է The Guardian-ը։
Երկրի կառավարությունը չորեքշաբթի հայտարարել է, որ 118 հավելվածները, ներառյալ՝ PUBG հայտնի տեսախաղը և այլ ծառայություններ, որոնք տրամադրվում են չինական Tencent «ինտերնետ-հսկայի» կողմից, «վնաս են հասցնում Հնդկաստանի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը, Հնդկաստանի պաշտպանությանը, պետության անվտանգությանը և հասարակական կարգին»։
Արգելված հավելվածների թվում են՝ առցանց վճարման ծառայություններ, խաղեր, ժամադրությունների կայքեր և «սելֆիների» խմբագրման ծրագրեր։
Հնդկաստանի իշխանությունները հունիսին արգելել են 59 չինական հավելվածի, այդ թվում՝ Tiktok-ի կիրառումը․ ևս 47-ն արգելվել էր հուլիսին։
1962 թվականի պատերազմից ի վեր Հիմալայներով անցնող սահմանին լարվածությունը նախորդ ամիսներին աննախադեպ աճել է։ Ըստ հաղորդումների՝ երկու կողմերն էլ այդ տարածաշրջան են ուղարկել տասնյակ հազարավոր զինծառայողներ։










