«Oրենքով գող» Կանևսկոյի՝ հրազենային վնասվածք ստացած հարազատները վիրահատվել են. նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է. փաստաբան․ news.am

23:06 • 03.09.20

Երևան քաղաքի Հալաբյան փողոցում այսօր հրազենային վնասվածք ստացած «օրենքով գող» Արմեն Հարությունյանի՝ «Արմեն Կանևսկոյի» հարազատներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է, մյուսը տեղափոխվել է հիվանդասենյակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Նա նշեց, որ երիտասարդները վիրահատվել են. երկուսի առողջական վիճակն էլ կայուն է։

Փաստաբան Հովսեփ Սարգսյանն էլ աղբյուրի հետ զրույցում ասաց, որ հրազենային վնասվածք ստացածներից մեկը Արմեն Հարությունյանի մորաքրոջ որդին է։

Նշենք, որ այսօր ժամը 14:40-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում կրակոցներ են հնչել, 4 անձ՝ հրազենային մարմնական վնասվածներով, տեղափոխվել է «Արմենիա» և «Նաիրի» բժշկական կենտրոններ: 

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: